Բրազիլիայի հարավում 29 մարդ է զոհվել հեղեղումների պատճառով

Բրազիլիայի հարավում 29 մարդ է զոհվել հեղեղումների պատճառով

Բրազիլիայի հարավի Ռիու Գրանդի դու Սուլի նահանգում հեղեղումների հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել, 60-ը համարվում է անհետ կորած։ Այդ մասին հաղորդում է CNN Brasil հեռուստաալիքը՝ վկայակոչելով նահանգի իշխանություններին։ Վատ եղանակից տուժել են նահանգի 50 մունիցիպալիտետներ, որտեղ ապրում է մոտ 10 միլիոն բնակիչ։ Առնվազն 10 000 մարդ ստիպված է եղել լքել տները, որովհետև անձրևները շարունակվում են։ Ավելի քան 500 000 տուն մնացել է առանց ջրամատակարարման, ավելի քան 300 000-ն՝ առանց էլեկտրականության։ Բրազիլիայի զինված ուժերը 8 ինքնաթիռ և մոտ 600 զինվոր են ուղարկել Ռիու Գրանդի դու Սուլ՝ տուժածներին օգնելու համար։ Մայիսի 2-ին Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան ժամանել է Սանտա Մարիայի մունիցիպալիտետ, որտեղ հանդիպել է Ռիու Գրանդի դու Սուլի նահանգապետ Էդուարդու Լեյտեի հետ։ Սակայն վատ եղանակի պատճառով իշխանություններին չի հաջողվել դիտել տարածաշրջանը: Անձրևները Բրազիլիայի հարավում սկսվել են ապրիլի 29-ին։ Լեյտեն մայիսի 1-ին արտակարգ դրություն է հայտարարել հեղեղումների հասցրած վնասների պատճառով: