Ռուսաստանցի զինվորականները Նիգերում տեղակայվել են ամերիկացիների հետ նույն ռազմակայանում. CNN

Ռուսաստանցի զինվորականները Նիգերում տեղակայվել են ամերիկացիների հետ նույն ռազմակայանում. CNN

Արդեն մի քանի շաբաթ է՝ Նիգեր ժամանած ռուսաստանցի զինվորականները գտնվում են ամերիկյան 101-րդ ավիաբազայում: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Պենտագոնի աղբյուրների։ Աղբյուրների խոսքով՝ Ռուսաստանի զինված ուժերը ռազմակայանում օգտագործում են առանձին հանգար և ամերիկացիների հետ նույն վայրում չեն գործում։ Բայց ըստ աղբյուրներից մեկի՝ ռազմակայանի տարածքն «այնքան էլ մեծ չէ»: Աֆրիկայում ԱՄՆ-ի ուժերի հրամանատար Մայքլ Լանգլին և պաշտպանության նախարարի` միջազգային անվտանգության հարցերով օգնական Սելեստ Վոլանդերը մարտին այցելել են Նիգեր և մտահոգություն հայտնել երկրում Ռուսաստանի ռազմական ներկայության մեծացման առնչությամբ: Ըստ CNN-ի՝ նրանք նաև հարցեր են բարձրացրել 101-րդ ավիաբազայի ապագայի և այն մասին, թե արդյոք այն կփոխանցվի Ռուսաստանի զինված ուժերի օգտագործմանը։ «Պաշտոնատար անձանց խոսքով՝ հանդիպումը լարված էր, և դրանից ընդամենը մի քանի օր անց Նիգերը հայտարարեց, որ դադարեցնում է համաձայնագրի գործողությունը, որը թույլ էր տալիս ԱՄՆ-ի զինծառայողներին և քաղաքացիական անձնակազմին երկրում աշխատել 2014 թվականից», - ասվում է հրապարակման մեջ: Պենտագոնը հաստատել է CNN-ին, որ ներկայում Նիգերի պաշտոնատար անձանց հետ աշխատում է զորքերի կանոնակարգված դուրսբերման ուղղությամբ: Նիգերի ռազմական խունտան, որը 2023 թ․ հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման արդյունքում գրավել է իշխանությունը, հայտնել է, որ ցանկանում է ամերիկյան զորքերի դուրսբերումը երկրից։ CNN-ը նշում է, որ ԱՄՆ պաշտոնյաները մտահոգություններ ունեն, որ Նիգերը, որը կարևոր հենակետ է ծառայել ԱՄՆ-ի հակաահաբեկչական գործողությունների համար, շրջվում է դեպի Ռուսաստանի կողմը։