Ադրբեջանին հրավիրել են, իսկ ի՞նչ են ասել Հայաստանին

Ադրբեջանին հրավիրել են, իսկ ի՞նչ են ասել Հայաստանին

Մայիսի 2-ին տեղի է ունեցել Հայաստաննի եւ Ուկրաինայի արտգործնախարարների հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել են թե երկկողմ գործակցության, թե ռեգիոնալ հարցեր: Հայաստանի ԱԳՆ տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Արարատ Միրզոյանը Կուլեբայի հետ զրույցում խոսել է հայ-ադրբեջանական սահմանազատման, Ալմաթիի հռչակագրի կարեւորության մասին, դրական գնահատելով Ուկրաինայի դիրքորոշումը: Սա այսպես ասած՝ ստանդարտն է: Պարզ է սակայն, որ Միրզոյանն ու Կուլեբան այդ ստանդարտի համար չէ, որ խոսել են միմյանց հետ հեռախոսով: Այդ դեպքում ինչի՞ համար: Այստեղ ուշադրության է արժանի երկու հանգամանք: Կուլեբան նախօրեին հայտարարել է, որ հունիսին Շվեյցարիայում կայանալիք Խաղաղության համաժողովից հետո հնարավոր է դրա արդյունքի հիման վրա շփում Ռուսաստանի հետ: Ի վերջո խաղաղությունը չի կարող լինել առանց երկու կողմի, ասել է Կուլեբան: Սա ոչ ստանդարտ հռետորաբանություն է Կիեւի համար, որն ընդհուպ նախագահի հրամանագրով սահմանել է ՌԴ հետ բանակցության սահմանափակում: Մինչդեռ այժմ Կուլեբան խոսում է այն մասին, որ շվեյցարական համաժողովից հետո հնարավոր է շփում Ռուսաստանից հետ, որովհետեւ առանց մյուս կողմի՝ չի լինի խաղաղություն: Ի՞նչ շարժեր են տեղի ունենում Կիեւում, կամ Շվեյցարիայում Խաղաղության կոնֆերանսի շուրջ: Շվեյցարիան հայտարարել է, որ դեռեւս պատրաստ չէ կոնֆերանսի օրակարգը, ընթանում են քննարկումներ: Երկիրը հրավեր է հղել ավելի քան 160 պետության: Կասկած չկա, որ հրավեր ստացել է նաեւ Հայաստանը, որը մինչ այդ մասնակցել է ուկկրաինական հակամարտության թեմայով այլ խաղաղության համաժողովների՝ Դանիայում եւ Մալթայում: Շվեյցարիայում տեղի ունենալիքը սակայն անկասկած առանձնահհատուկ է, ինչի մասին են վկայում Կիեւի ոչ ստանդարտ հայտարարությունները: Դրանք աներկբա չեն նշանակում, որ համոժողովը ապահովելու է որեւէ շրջադարձ, բայց, որ օրակարգը այդպիսին է եւ դրա համար էլ այն պատրաստվում է բավականին երկար, կասկածից վեր է: Առնվազն հարաբերական իմաստով հնարավոր է ասել, որ շվեյցարական խաղաղ կոնֆերանսում այսպես ասած հավաքական Արեւմուտքը փորձ է անելու ձեւակերպել իրավիճակը սառեցնելու նվազագույնը միջնաժամկետ մի կոնցեպտ, առաջարկելով այն Ռուսաստանին: Լուծելով Ուկրաինային նոր ռազմմական օգնության փաթեթի հարցը, Արեւմուտքը թերեւս ցույց տվեց, որ պատրաստ է նաեւ Մոսկվայի մերժմանը եւ շարունակելուն: Իրավիճակն իհարկե բարդ է հենց Արեւմուտքում, քանի որ հավաքականությամբ հանդերձ, անկասկած է, որ առանձին խաղացողներ ունեն տարբեր նպատակներ եւ հաշվարկներ, առավել եւս, որ թեման իհարկե Ուկրաինան է, բայց տեսադաշտը ու հաշվարկային տարածությունը շատ ավելի լայն է: Եվ իհարկե ընդգրկելու է նաեւ Կովկասը: Կուլեբան անկասկած հենց այդ հարցերն է քննարկել Միրզոյանի հետ: Միաժամանակ, Ուկրաինայի Գերագույն ռադայի փոխնախագահ Կոնդրատյուկը, որ օրերս մասնակցում էր Բաքվում Cop29-ի նոյեմբերյան գագաթնաժողովին նվիրված միջազգային համաժողովին, հայտարարել է Ադրբեջանին Շվեյցարիա հրավիրելու մասին: Այն, որ Կիեւը առանձին հայտարարել է այդ մասին, վկայում է թերեւս, որ առանձին հաշվարկ կա կապված Ադրբեջանի հետ: Այլապես, կազմակերպիչ Շվեյցարիան թերեւս Բաքվի հրավիրատոմսը չէր մոռացել ուղարկել: Շաղկապվա՞ծ են ակնկալիքները Հայաստանից ու Ադրբեջանից: Թերեւս՝ ոչ, կամ մասնակի, այսպես ասած մակերեւութային տրամաբանությամբ: