Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով

Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով

Հովհաննես Շիրազի 110-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակներում Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ֆոնդը համալրվեց արխիվային բացառիկ փաստաթղթերով, որոնք թանգարանին է նվիրել Շիրակի պետական համալսարանը․ դրանք Լենինականի մանկավարժական ինստիտուտի 1935-1936 թթ. հրամանագրքում ուսանող Հովհաննես Շիրազի մասին հրամաններն են։ «Լենինականի մանկավարժական ինստիտուտն այս տարի տոնում է հոբելյանական 90-ամյակը։ Արխիվային փաստաթղթերի հետ աշխատելիս հանկարծ հայտնաբերեցինք, որ առաջին ուսումնական տարվա առաջին կիսամյակում երկու հրաման առնչվում է Հովհաննես Շիրազին, որոնց բովանդակությունը ևս մեկ անգամ փաստում է, որ բանաստեղծը ըմբոստ էր և հաճախ էր հայտնվում հայրենիքի շուրջ ծավալվող քննարկումների կիզակետում»,-ներկայացնելով փաստաթղթերը՝ նշեց Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։ Ցուցանմուշների ներկայացմանը հաջորդել են Շիրազյան ընթերցումները՝ Գյումրու Մտորումների թատրոնի դերասանների կողմից: Նշենք, որ բանաստեղծի հուշատուն-թանգարանը հին կառույց է` 1868 թվականի, եղել է մեծահարուստ վաճառականի տուն: Տարիների ընթացքում եղել է նաև արտադրամաս: Տունը հենց այն նույն փողոցում է, որտեղ գտնվում է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը: Չնայած Շիրազը չի հասցրել ապրել այս տանը, բայց հենց այստեղ՝ Իսահակյանի տան հարևանությամբ է ցանկացել օրերից մի օր թանգարան ունենալ։ Երբ 1983 թվականին եկել է Իսահակյանի տուն, այդ ժամանակ Կարեն Դեմիրճյանը մի քանի տուն է ցույց տվել Շիրազին, բայց նա այս մեկն է հավանել ու ասել՝ «Վարպետի տունն է կողքը, իմ տունս էլ կուգա»։ Փողոցն այսօր Վարպետաց է կոչվում: Շիրազը նույնիսկ պատմել է, որ երբ փոքր է եղել, հենց այս թաղերում է ջուր վաճառելով իր ապրուստը վաստակել: 1988թ. դեկտեմբերի երկրաշարժի պատճառով թանգարանը դեռ չբացված, իրենց տանիքը այստեղ գտան երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած մեկ տասնյակից ավելի ընտանիքներ: 2000-2002թթ-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Բնակարանի գնման վկայագրեր» ծրագրի շնորհիվ թանգարանում բնակվող այդ ընտանիքներն ապահովվեցին մշտական բնակարաններով: Սա հնարավորություն ընձեռեց թանգարանին` Գյումրու քաղաքապետարանի և Հայաստանի կառավարության համագործակցությամբ վերականգնել այս հասարակական վայրը` հասանելի դարձնելով Գյումրու քաղաքացիների և այցելուների համար: