Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են.  ՆԳՆ փրկարար ծառայություն

Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն

Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ապրիլի 27-ին ձորը գլորված, Իրան ուղևորվող ավտոբուսի ուղևորներից հինգը զոհվել է, ութը՝ վիրավորվել։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։ «Ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Դ. Հովհաննիսյանի գլխավորությամբ, հրշեջ-փրկարարական ջոկատից երեք և Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկներ: Պարզվել է, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 26-րդ կմ-ին ՀՀ-ից ԻԻՀ ուղևորվող «Scania» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Հ. Կ. Ա. Բ. և 22 ուղևոր) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 40 մետր գլորվել մոտակա ձորակը. ավտոբուսի մոտ հայտնաբերվել է երկու դի: Փրկարարները վարորդին և 8 ուղևորի (տուժածներից մեկին դուրս են բերել ավտոբուսի տակից) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ երկուսի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոբուսը, իրականացրել հովացման աշխատանքներ, ամբարձիչի և հիդրավլիկ սարքերի օգնությամբ ավտոբուսի տակից դուրս են բերել երեք դի և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենաներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա: Դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են: