Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները

Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները

Թուրքիայի նախագահ Էրդողանը հետաձգել է այցը ԱՄՆ, որ կայանալու էր մայիսի 9-ին եւ որի ընթացքում Էրրդողաննը հանդիպելու էր ԱՄՆ նախագահ Բայդենի հետ: Թուրքիայի նախագահի այցը հետաձգվել է թուրքական կողմի խնդրանքով: Ինչն է դրա պատառը, մանրամասներ չեն նշվում, սակայն ուշադրության է արժանի թերեւս այն, որ Էրդողանը ԱՄՆ այցն ու Բայդենի հետ բանակցությունը հետաձգում է այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց, որ մայիսի սկզբին այցելելու է Չինաստան: Արդյո՞ք դա կարող էր լինել պատճառ, որ Էրդողանը «ոտքը կախ գցեր» եւ հետաձգեր այցը ԱՄՆ, սպասելով Պուտին-Սի Ցզինպին բանակցության արդյունքին: Ինչպես դիտարկել էի ամիսներ առաջ, երբ հայտնի դարձավ, որ Էրդողանը մայիսին պատրաստվում է այցելել Վաշինգտոն, առանցքային է լինելու այն, թե նրա այցին զուգահեռ ինչպիսի ժամանակագրություն կլինի ՌԴ-Չինաստան հարաբերության իմաստով: Սա էական է, հաշվի առնելով այն, որ Էրդողանի ներկայիս քաղաքականությունը ըստ էության կառուցվում է այսպես ասած «բուֆերայնության» կամ «լողացող կուրսի» սկզբունքով, երբ Անկարան փորձում է առավելագույն արդյունավետությամբ մանեւրել երկու առանցքային բեվեռների միջեւ եւ ձեւավորել սեփական կշիռը: Սի Ցզինպին-Պուտին հանդիպումը ըստ ամենայնի էական կլինի առնվազն առաջիկա տարվա՝ 2024 թվականի աշխարհաքաղաքական ուժերի հարաբերակցության եւ միտումների տեսանկյունից, ըստ այդմ Էրդողանը թերեւս ձեռնպահ է մնացել մինչ այդ հանդիպման արդյունքին շատ, թե քիչ իրազեկ լինելը, որեւէ բանակցություն վարել ԱՄՆ նախագահի հետ: Միեւնույն ժամանակ, այդ համատեքստում բացառված չէ նաեւ, որ Չինաստան այցից հետո՝ կախված դրա արդյունքից, Պուտինը կորոշակիացնի Թուրքիա կատարելիք այցը, որը հետաձգվում է փետրվարից ի վեր եւ ինչի վերաբերյալ արդեն անհամբերության եւ նյարդայնության նշաններ է ի ցույց դնում Էրդողանը: Ըստ ամենայնի, նրա այցի հետաձգմանը ամերիկյան կողմն էլ մոտեցել է առանց դժկամության: Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը օրերս այցելել էր Չինաստան եւ բանակցություն վարել արտգործնախարար Վան Իի հետ: Դատելով հայտարարություններից, բանակցության արդյունավետությունը այդքան էլ բարձր չէ: Ամերիկյան կողմի համար էլ թերեւս էական է, թե ինչպիսին կլինի Պուտին-Սի Ցզինպին բանակցությունը, հասկանալու համար, թե ինչ ծավալի բովանդակություն եւ ճնշու, իսկ գուցե կարկանդակ անհրաժեշտ կլինի Էրդողանի հետ բանակցությանը: