Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին. մեկնարկել է ավանդական «Ծաղկահավաք»-ը

Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին. մեկնարկել է ավանդական «Ծաղկահավաք»-ը

Նոր կյանք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին խոնարհված ծաղիկներին. մեկնարկել է ավանդական դարձած «Ծաղկահավաք»-ը: Անմար կրակի մոտ խոնարհված ծաղիկներն արդեն տարիներ շարունակ վերամշակվում են և ոչ թե այրվում, ինչպես արվում էր 10 տարի առաջ: Բոլոր ծաղիկները հավաքվում են և տեղափոխվում հուշարձանի հետնամաս, առանձնացվում են ցողունն ու թերթիկները: «Արալեզ» բարեգործական ՀԿ-ի հիմնադիրներից Սյուզաննա Պետրոսյանը նշեց, որ նախաձեռնությունը մեկտեղում է պոկված ծաղիկներին «երկրորդ կյանք» հաղորդելու խորհուրդը և բնապահպանական՝ վերամշակման միջոցով կրկին օգտագործելու առաքելությունը: «Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են, դրանց ծաղկաթերթերն անջատվում են ցողունից՝ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ և մոմ պատրաստելու համար: Իսկ ծաղիկների մնացած մասերով պատրաստվում է պարարտախառնուրդ: Ծաղկահավաքին զուգահեռ իրականացվում է թղթի վերամշակման գործընթաց: Տեղում մասնակիցները կարող են ծանոթանալ նաև թղթի վերամշակմանը և փորձել 2-րդ կյանք տալ ծաղկաթերթերին»,-ասաց Սյուզաննա Պետրոսյանը: Նա նշեց, որ ծաղկաթերթիկներից ստացված թղթերը դառնում են «դեսպաններ», քանի որ հետագայում դրանց վրա ձեռագրով գրվում է Հայոց ցեղասպանության մասին և ուղարկվում է տարբեր երկրներ: «Այս տարի առաջին անգամ կարմիր ժապավենի վրա ծաղկաթերթիկներով հավաքվելու է հայկական տարազի գոգնոցային հատվածի նախշազարդը: Իսկ վարդերի ցողունների մի մասն էլ տնկվելու են ու հետագայում, երբ դրանք աճեն, կտեղափոխվեն և կվերատնկվեն Եռաբլուրում»,-նշեց նա: «Արալեզ» բարեգործական ՀԿ-ի հիմնադիրը նշեց, որ կազմակերպության անդամները կամավորներ են, ովքեր ծրագրերն իրականացնում են առանց որևէ շահ հետապնդելու: «Ծաղկահավաք»-ին մասնակցել են տարբեր երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները, դպրոցականներ, ուսանողներ և կամավորներ: