Քաղաքացիական պաթոսի օրը Հայաստանի ծանր ճանապարհին

Քաղաքացիական պաթոսի օրը Հայաստանի ծանր ճանապարհին

«2018 թվականին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետեւանքների մասին: Ոչ թե առանց հասկանալու չմտածեցինք դրա հետեւանքների մասին, այլ հասկանալով չմտածեցինք, որովհետեւ ինքդ դո՛ւ լինելու հետեւանքների մասին մտածելու մասին մտածելն անիմաստ է. դո՛ւ պարզապես պիտի որոշես՝ ուզո՞ւմ ես դու լինել, թե՞ ոչ», Քաղաքացու օրվա առիթով ուղերձում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սա ըստ էության խոստովանություն է, սակայն՝ պատասխանատվությունից մանեւրելու նկատառումով: Նա խոստովանում է, որ չի մտածել հետեւանքի մասին, բայց նաեւ նշում, թե՝ հասկանալով է, որ չի մտածել: «Առակը կցուցանե» այն, որ նպատակը համարել է ավելի կարեւոր եւ գերակա: Ըստ այդմ ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ 2018-ից հետո առաջնորդվել է «Նպատակն արդարացնում է միջոցը» սկզբունքով, ակնարելով, որ այդ սկզբունքով առաջնորդվել է ոչ թե իր անձնական կամ խմբային քաղաքական նպատակի, այլ համազգային եւ պետական նպատակի համար: Բայց, փաստացի ստացվում է, որ պետական նպատակները անցնող այդ ճանապարհին միմիայն փլուզվել են, պետությունը ապրել է ողբերգություններ, պետությունը կանգնել է ռազմական պարտության ծանր փաստի, Արցախի կորստի թե ռազմա-քաղաքական, թե սոցիալ-հոգեբանական ծանր հետեւանքի առաջ, հազարավոր երիտասարդների ծանր ու թանկ կորստի առաջ: Այդ ամենից հետո Հայաստանը որքանո՞վ է դարձել ԻՆՔԸ: Այդ հարցի պատասխանը մեղմ ասած ոչ միայն խոսուն չէ, այլ նաեւ՝ մխիթարական չէ: Իսկ գուցե ժամանակն է սկսել հանրության հետ այլ բնույթի եւ որակի խոսակցություն, որը դուրս կլինի «քաղաքացիական պաթոսից», որովհետեւ սկզբունքորեն մեծ տարբերություն չկա՝ Հայաստանը «ռազմահայրենասիրական պաթոսով» է անցնում մեղմ ասած անարդյունավետ եւ վտանգավոր ճանապարհ, թե՞ «քաղաքացիական պաթոսով»: Հայաստանին անհրաժեշտը պետական բովանդակությունն է, սկսած կառավարող վերնախավի մտածողությունից, մինչեւ այդ մտածողության արդյունքում մշակվող եւ իրականացվող գործողություններ: