Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…

Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…

Աղդամում «հանդիսավորապես» փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը՝ Արցախի էթնիկ զտումը բարեհաջող մոնիտորինգ անելուց հետո: Փակման արարողությանը ելույթ ունեցողների թվում է եղել նաեւ Ռուսաստանի զինված ուժերի ԳՇ պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովը, որի ելույթը այլ բան որակելը, քան ամոթալի ինքնախոստովանություն՝ դժվար է: «Կենտրոնի գործունեության ընթացքում ռուս և թուրք խաղաղապահները ձևավորել են հրադադարի պահպանման մշտադիտարկման հուսալի համակարգ: Ռուս և թուրք խաղաղապահները ամուր հիմքեր են դրել բազմաչարչար այս հողերում խաղաղության համար: Դրված բոլոր խնդիրները լուծվել են Ռուսաստանից և Թուրքիայից գործընկերների կողմից գործնական  և բարեկամական մթնոլորտում», -ասել է Իստրակովն իր ելույթում: Այսպես կոչված մոնիտորինգի կենտրոնի դրված խնդիրը այն էր, որ հետեւեր հրադադարի պահպանմանը, արձանագրեր խախտումները: Բայց, իրականում, մոնիտորինգի կենտրոնը պարզապես ծածկել է խախտումները, ուղեկցել դրանք իր հանցավոր լռությամբ, մինչեւ Արցախի «բարեհաջող» էթնիկ զտում, հետեւելով, թե ինչպես է Ադրբեջանը քայլ առ քայլ ավելացնում արցախահայության հանդեպ ագրեսիայի աստիճանն ու ի վերջո իրականացնում սեպտեմբերի 19-20-ի օպերացիան: Ռուս գեներալը խոստովանում է, որ ռուսական զինուժը խաղաղապահի անվան տակ Արցախում է եղել ոչ թե այդպիսի զարգացում թույլ չտալու, այլ հակառակը՝ թուրքերի ու ադրբեջանցիների հետ «գործնականում ու բարեկամական» մթնոլորտում այդ զարգացումը ապահովելու համար: Իհարկե, ռուս գեներալը կանգնած է իր ռազմա-քաղաքական ղեկավարության գործունեության հետեւանքի առաջ, անկախ, թե ինչպես կորակվի այդ գործունեությունը՝ ստորություն, սրկայություն, հիմարություն, թե որեւէ այլ բան: Բայց, դրա համար պատասխանատու է նաեւ գեներալը, որովհետեւ նա ոչ միայն ոչինչ չի արել այդ ամենը թույլ չտալու, ռուսական զինուժի արժանապատվությունը քաղաքական հիմարությունների կամ ստորությունների «ոտքի տակ» չգցելու համար, այլ նույնիսկ անկարող է եղել հրաժարվել Աղդամում ամոթալի եւ նվաստացուցիչ ինքնախոստովանական ելույթից: Եվ միայն նվաստացման շարունակությունն է, երբ այդ ամենով հանդերձ, Մոսկվան փորձում է պատասխանատվությունը գցել Հայաստանի իշխանության վրա: Այն, որ Հայաստանի իշխանությունը Արցախի ճակատագրի թիվ մեկ պատասխանատուն է եւ այդ պատասխանատվության հարցը պետք է հանգամանալից քննվի, կասկածից վեր է, բայց դա որեւէ կերպ չի նվազեցնում այն պատռասխանատվությունը, որ ունեցել է Ռուսաստանը պատմականորեն, եւ հանել վաճառքի ստորաբար: Ընդ որում, այդ թվում նաեւ ռուս զինվորների արյունը, որոնց առանձնակի ցինիզմով գնդակահարել են ադրբեջանցիները՝ իրենց վայրագությունների ականատես լինելու համար, իսկ հետո Ալիեւի մակարդակով խոստացել փոխհատուցում եւ փակել թեման: