Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ

Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ

Իլհամ Ալիեւը «չգիտի, թե ինչպես կավարտվի» ռուս-ուկրաինական պատերազմը, բայց չի բացառում, որ կողմերը կարող են հրադադարի համաձայնության հասնել, որ, սակայն, խաղաղություն չի հաստատի: Ուկրաինայի հարցով Ալիեւի բավական ծավալուն դիտարկումներից հետեւում է երկու ընդհանրացում. «Պատերազմից խուսափել հնարավոր էր: Ադրբեջանն Ուկրաինային հումանիտար օգնություն ցուցաբերել է, բայց սպառազինություն չի տրամադրել եւ չի տրամադրի»: Խարկովում ապրում է Ադրբեջանի ազգային հերոս Ռուսլան Պալավինկայի ընտանիքը: Նա ռազմական օդաչու էր: Մի քանի տարի Լեռնային Ղարաբաղում ազատազրկված էր մնում ուկրաինացի օդաչու Յուրի Բելիչենկոն: Ղարաբաղյան առաջին պատերազմում բազմաթիվ ուկրաինացիներ կռվել են Ադրբեջանի կողմից: Առանց ուկրաինական իշխանությունների թույլտվության Ադրբեջանի ՊՆ գործակալները չէին կարող պրոֆեսիոնալ վարձկաններ հավաքագրել: Իսկ պաշտոնապես Ուկրաինան Ադրբեջանի սպառազինությունների երկրորդ մատակարարն էր՝ Ռուսաստանից հետո: Ուկրաինան Ադրբեջանին նաեւ քաղաքական ծանրակշիռ աջակցություն է ցուցաբերել: Երկու երկրները ՎՈՒԱՄ անդամ են, իսկ դա ԱՊՀ-ին հակակշիռ կառույց է, որ Եվրամիության հովանու ներքո է ստեղծվել եւ միավորում է Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը եւ Ադրբեջանը: Վերջինս, ի դեպ, այս տարի ՎՈՒԱՄ նախագահողն է: Ծրագրվում էր, որ կազմակերպությունը գագաթնաժողով կանցկացնի եւ ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ քաղաքական հայտարարություն կընդունի: Ակնհայտ է, որ նման միջոցառում չի կազմակերպվի, ՎՈՒԱՄ-ը փաստացի գոյություն չունի: -Ի՞նչ կարող էինք մենք անել,-ռուս-ուկրաինական պատերազմի առթիվ հարցադրում է արել Ալիեւը, եւ ինքն էլ պատասխանել. «Գործնականում՝ ոչինչ: Ուկրաինային սպառազինություն մենք չենք կարող մատակարարել»: Ավելին չեն ասում. Ալիեւը 22.02.2022-ին Վլադիմիր Պուտինին չեզոքություն է խոստացել եւ շարունակում է հավատարիմ մնալ: Իսկ «պատերազմից հնարավոր էր խուսափել» ասելով՝ նա, ամենայն հավանականությամբ, հասկացնում է, որ Ուկրաինայի գործող նախագահի հետ անելիք չունի: Զելենսկիի էջը նրա համար փակված է: Եթե մնանք ստերեոտիպի գերի, պիտի ասենք, որ Ալիեւը «երախտամոռ է»: Բայց ո՞վ է ասել, որ պետություն կառուցում, պատերազմ շահում եւ հեղինակություն են դառնում որպես «սպիտակ ձեռնոցների ասպետ»: Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ: Քաղաքականությունը շահի ձեւակերպում, շահերի համադրում եւ ըստ այդմ հետեւղական քայլերի իրականացում է: Այս առումով հետկոնֆլիկտային Ուկրաինան վերստին կարող է Ադրբեջանի գործնական դաշնակից լինել: Մտավարժանքային այս «հարդից» ի՞նչ «հատիկ» է պետք առանձնացնել կամ կարելի է առանձնացնել: Ըստ երեւույթին՝ մի հարցադրում. Ալիեւը վստահ է, որ ռուս-ուկրաինական պատերազմն առնվազն «ոչ ոքի ելք է ունենալու» եւ հրապարակայնացնում է Պուտինի հետ բանակցություններից համոզմու՞նքը, թե տեղեկացված է, որ Ուկրաինայի հարցում Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները «սեպարատ պակտ ունե՞ն»: Երրորդ տարբերակ, կարծես, չկա: Այլապես նա չէր բացախոսի: Երկու տարբերակն էլ Հայաստանի առկա «իմունիտետի» նկատառմամբ մարտահրավեր են: