Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը

Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը

Չորս երկիր՝ Իրաքը, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Կատարը ստորագրել են Իրաքի զարգացման համաձայնագիր, որը ենթադրում է բազմամիլիարդ ներդրումներ Իրաքի ենթակառուցվածքային եւայլ ուղղություններում: Օրինակ, նախատեսվում է կառուցել մոտ 1,2 կմ երկաթուղի: Իրաքն այդպիսով կարող է դառնալ տրանսպորտային շոշափելի հաղորդուղի՝ Չինաստանից կամ Կենտրոնական Ասիայից մինչեւ Եվրոպա: Քառակողմ համաձայնությունը տեղի է ունենում Թուրքիայի նախագահի Իրաք կատարած այցից հետո: Այս համաձայնությունը անշուշտ լոկ չորս երկրի «մասին» չէ: Այն կարող է փոխել ռեգիոնալ կոնֆիգուրացիան, ընդ որում ոչ միայն Մերձավոր Արեւելքում, այլ նաեւ հարակից գոտում, ընդհուպ Կովկասում, իհարկե անուղղակի ազդեցությամբ: Իրաքը Մերձավորարեւելյան-Ծոցի գոտում Իրանի առանցքային գործընկերներից է: Իրաքում Թուրքիայի, ԱՄԷ, Կատարի ներդրումները ինչպե՞ս կազդենն այդ գործընկերության վրա, արդյո՞ք դրանք կարող են նպաստել Իրան-Իրաք հարաբերության կամ կապի թուլացմանը: Այստեղ սակայն կա մեկ այլ հանգամանք: 2022 թվականին Իրաքում անցկացվեց անվտանգության միջազգային համաժողով, որին այսպես ասած արտառեգիոնալ միակ մասնակիցը, այն էլ բարձր մակարդակով՝ Ֆրանսիան էր: Նախագահ Մակրոնը ժամանեց Բաղդադ՝ համաժողովին մասնակցելու համար: Սա իհարկե խոսում էր այն մասին, թե Ֆրանսիան ինչ կարեւորություն է տալիս ռեգիոնին եւ Իրաքին մասնավորապես, ըստ էության իր «Անդրծովյան տարածքների» պաշտպանության այն կոնցեխտի շրջանակում, որի մասին շաբաթներ առաջ հայտարարել էր Մակրոնը: Շաբաթներ առաջ Ֆրանսիայի նախագահը ժամանել էր Հնդկաստան, եւ այցի օրակարգը իհարկե լայն իմաստով շոշափում էր հենց հաղորդակցության ուղիների օրակարգը, այդ թվում Ծոցի գոտու հաշվարկով: Իրաք-ԱՄԷ-Կատար-Թուրքիա քառակողմ համաձայնությունը կարող է խախտել նաեւ Ֆրանսիայի հաշվարկները: Իհարկե այստեղ թե Ֆրանսիայի, թե Իրանի մասով ամեն ինչ միարժեք չէ, հաշվի առնելով օրինակ նրանց բարվոք հարաբերությունը Կատարի հետ: Մյուս կողմից, Կատարի հետ սերտ հարաբերություն եւ ընդհուպ ռազմական ներկայություն ունի Թուրքիան: Հայտնի է, որ ԱՄԷ նկատմամբ բավականին շոշափելի ներգործության ռեսուրսներ ունի Բրիտանիան, իհարկե Էմիրությունների՝ ներկայումս բավականին կշռով ռեգիոնալ ինքնիշխան դերակատար լինելով հանդերձ, իսկ Կատարի հետ բավականին սերտ հարաբերություն ունի Վաշինգտոնը: Այդպիսով, Իրաքի շուրջ խաղարկվում է բավականին բարդ մի պարտիա, որը անկասկած իր ազդեցությունը թողնելու է ընդհուպ Կովկասում ծավալումների վրա: Այդ առնչությամբ ի՞նչ բովանդակություն ունեին Երեւան-Բաղդադ շփումները՝ նախ Մյյունխենի անվտանգության համաժոժողովում վարչապետների, իսկ հետո Հայաստանի նախագահի Իրաք կատարած այցի շրջանակում: