Երեւանի արձագանքը  Ալիեւի ձայնին

Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին

Հայաստանի ԱԳՆ հայտարարել է, որ դիտարկվում է Ղազախստանում Հայաստանի եւ Ադրբեջաննի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու հնարավորությունը եւ դրա ժամկետի հստակեցման դեպքում կհայտարարվի: Հայյաստանի ԱԳՆ հերթական անգամ «վազում» է իրադարձության հետեւից: Հնարավոր չէ՞ր Ղազախստանի այդօրինակ առաջարկի մասին հայտնել օրինակ մինչեւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի բարձրաձայնումը, օրինակ Ղազախստանի նախագահի Հայաստան այցից հետո, որեւէ ձեւաչափով: Ինչու՞ է Երեւանը մշտապես «արձագանքողի» դերում: Սա հերթական անգամ վկայում է, թե ինչպիսի խնդիրներ կան պետական տեղեկատվական քաղաքականության հարցում: Ինչ վերաբերում է բուն խնդրին, ապա Ղազախստանի հնարավոր այդ քայլի վերաբերյալ կարծիք արտահայտել էի դեռեւս այն ժամանակ, երբ այդ երկրի նախագահի Բաքու կատարած այցից երկու շաբաթ անց Երեւան ժամանեց Ղազախստանի արտաքին գործերի նախարարը: Միեւնույն ժամանակ, մտածել, որ Ղազախստանը ունի միջնորդական հավակնություն, անգամ անուղղակի՝ թերեւս կլինի չափազանցություն: Հարցը իհարկե ցանկությունը չէ, այլ այն, որ Աստանան չունի հայ-ադրբեջանական բարդ՝ աշխարհաքաղաքականորեն բարդ խնդրում այդպիսի առաքելություն ստանձնելու հնարավորություն, տրամաչափ: Դա օբյեկտիվ իրողություն է: Աստանան այդպիսի որեւէ գորառույթ կարող է իրականացնել միայն առավել ուժեղ աջակցության դեպքում: Կա՞ այդպիսի աջակցություն, թե՞ ոչ: Եթե կա նախաձեռնություն, ապա ըստ ամենայնի կա նաեւ աջակցություն: 1994-ին օրինակ՝ ղարաբաղյան առաջիին պատերազմից հետո, Ղազախխստանը հայ-ադրբեջանական հրադադարի նախաձեռնությանը մասնակցում էր Ռուսաստանի հետ: Իսկ հիմա՞ ում հետ է Աստանան մասնակցում Հայաստան-Ադրբեջան գործընթացին, կամ փորձում մասնակցել՝ ներգրավվել: Այս օրերին Աստանայում էր Բրիտանիայի արտգործնախարար Քեմերոնը, որը այցելել է Կենտրոնական Ասիայի երկրներ: Նրա այցի նպատակը բրիտանական ազդեցության ընդլայնումն ու խորացումն է: Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը այդ հարցում էական նշանակություն ունեցող հանգամանք է, եթե հաշվի առնենք այն, որ Բրիտանիան դեռեւս նախորդ տարի բարձրաձայնել է Միջին միջանցք ստեղծելու ռազմավարական առաջնահերթության մասին: Ընդհանրապես, Կենտրոնական Ասիայում աշխարհաքաղաքական պայքարը չի կարող որեւէ կերպ շրջանցել Կասպիցի ավազանն ու Կովկասը: Միեւնույն ժամանակ, այդ պայքարը ենթադրում է տարբեր ռազմավարություններ, ինչպիսին օրինակ ֆրանսիականը: Եթե Բրիտանիայի վարչապետը Ղազախստանում եւ ԿԱ-ում է այս օրերին, ապա նախորդ տարի ամռանը Ղազախստանում էր Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, որը այցելեց նաեւ Ուզբեկստան: Մակրոնը եւս խոսել է Կենտրոնական Ասիայից եվրոպա հաղորդակցության մասին, չնշելով սակայն Միջին միջանցքի մասին: Ֆրանսիայի համար կարեւոր է հաղորդուղիները առավելագույնս զերծ պահել Ադրբեջանից եւ Թուրքիայից կախվածությունից: Երեւանը Աստանայի «միջնորդությամբ» կմտնի՞ մի գործընթացի մեջ, որը կարող է այնքան էլ համահունչ չլինել Ֆրանսիայի պատկերացումներին: Արդյո՞ք այստեղ է «գաղտնիքը», որ ապրիլի 19-ի հայտնի պայմանավորվածության առնչությամբ Ֆրանսիան առ այսօր պահպանում է լռություն: