Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում

Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում

Այսօր Աղդամում տեղի է ունեցել ռուս-թուրքական «մոնիտորինգային կենտրոնի» փակման հանդիսավոր արարողություն: Այդ մասին հաղորդում են Բաքվի լրատվամիջոցները: Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներից հետո Իլհամ Ալիեւը հատուկ կարգադրություն էր ստորագրել, ըստ որի մեկ տարով երկարաձգվում էր թուրք սպաների Ադրբեջանում գտնվելու ժամկետը: Ֆորմալ առումով այդ ակտն արդեն իրավական ուժ չունի: Վերադառնալու՞ են հայրենիք թուրք սպաները, թե՞ մնալու են Ադրբեջանում որպես ռազմական խորհրդատուներ կամ ադրբեջանական բանակում ծառայության են նշանակվելու՝ հայտնի չէ: Քառասունչորսօրյա պատերազմում Բաքու գործուղված, Թուրքիայի ցամաքային զորքերի նախկին հրամանատար Էհսանն, օրինակ, շարունակում է մնալ Բաքվում եւ զբաղեցնում է պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդականի պաշտոնը: Նման «կարգավորումների» համար Թուրքիան եւ Ադրբեջանը բավարար իրավա-պայմանագրային հիմքեր ունեն, ներառյալ 2021թ. ստորագրած «Շուշիի հռչակագիրը»: Ադրբեջանական փորձագիտական հանրությունն այն ներկայացնում է որպես «Ռուսաստանի հավանական ճնշումներից Ադրբեջանի ինքնիշխանության ապահովագրման գլխավոր երաշխիք»: Ապրիլի 22-ին Իլհամ Ալիեւը Մոսկվայում էր, իսկ վերադառնալու հաջորդ օրը հայտարարեց, որ «Ռուսաստանը Կովկասից երբեք չի հեռանալու»: Ռուս-թուրքական «մոնիտորինգային կենտրոնի» փակումից հետո ռուսաստանցի սպաներն, ամենայն հավանականությամբ, կվերադառնան հայրենիք: Ի՞նչ է իրենից ներկայացրել այդ «կենտրոնը»,՝ հայտնի չէ: Ժամանակին մամուլում հրապարակումներ եղան, որ «կենտրոնի» ԱԹՍ-երը «հետախուզում են Արցախի Պաշտպանության բանակի դիրքերը եւ տվյալները փոխանցում Ադրբեջանի ՊՆ-ին»: Բարդ է ասել, թե իրականում ի՞նչ գործառույթ է իրականացրել «կենտրոնը» եւ արդյոք դրա պաշտոնական փակումը նշանակում է, որ Հարավային Կովկասում ռուս-թուրքական ռազմա-տեխնիկական ու, թերեւս, կիբերտեխնոլոգիական համագործակցությունն ավարտվում է: Իլհամ Ալիեւի հետմոսկովյան չափազանց ենթատեքստային հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, որ ռուս-ադրբեջանական համագործակցությունն ստանում է «արտատաչածաշրջանային գործոնի» նշանակություն, ինչը, բնականաբար, չի կարող ուղղված լինել Թուրքիայի, ինչպես նաեւ Իրանի շահերի դեմ: Բաքվի մասնավոր համալսրաններից մեկում Իլհամ Ալիեւի «ծրագրային ելույթից» հետո ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան գրեթե բաց տեքստով ասաց, որ Հայաստանի չպետք է վերածվի տարածաշրջանում Արեւմուտքի «պլացդարմի»: «Եթե մենք տեսնենք, որ Հայաստանը սպառնալիք ներկայացնող զինատեսակներ է ստանում, ապա ստիպված կլինենք քայլեր ձեռնարկել»- ասել է Իլհամ Ալիեւը: Ըստ էության, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը պարզ հասկացնում է, որ Մոսկվան «Ադրբեջանին կտա Հայաստանում արեւմտյան պլացդարմը չեզոքացնելու քարտ-բլանշ»: Անհավանական չէ, որ Թուրքիան Ադրբեջանից «հեռանում»  է, որպեսզի հնարավոր ֆորս-մաժորի դեպքում ապահովագրված լինի Արեւմուտքի դիվանագիտական հակազդեցությունից կամ պարզ ասած՝ տարածաշրջանային պատերազմի պատասխանատվությունից «ձեռքերը լվանում է»: Սկզբունքորեն գրեթե նույն իմաստն ունի նաեւ ԼՂ-ից ռուսական զորախմբի դուրսբերումը. չկա ռուսական ներկայություն, խնդիրն Ադրբեջանի «զգուշավորությունն է իր տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքից, Բաքուն գնում է պրեվենտիվ քայլերի»: Ալիեւի բաց սպառնալիքը, որ ԵՄ դիտորդները «սահմանին առաջին կրակոցների հետ կփախչեն»՝ մեծ էսկալացիայի անոնս է: Եւ եթե համադրենք, ապա կստացվի, որ Ռուսաստանը Կովկասից երբեք չի հեռանա, քանի որ հայ-ադրբեջանական կարդինալ հաշտություն չի լինի: Ըստ երեւույթին, Թուրքիայի նախագահի բազմիմաստ ակնարկը, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պատուհանը կարող է փակվել, նույնպես ներգրվում է այդ սցենարին: Ռուս-ուկրաինական պատերազմում Ռուսաստանի «հազարն է»: Դա արդեն խոստովանում է նույնիսկ պաշտոնական Կիեւը: Արեւմուտքի ռեսուրսները բավարար չեն: Նման կրիտիկական իրավիճակում Հարավային Կովկասը «պերիֆերիկ» նշանակություն ունի: Ռիսկերի կառավարման ողջ իրական գործիքազմն Արեւմուտքն ոյւղղում է Արեւելյան Եվրոպային: Կովկասից Ռուսաստանի երբեք չհեռանալու շանսը դա է: Թե ի՞նչ «մեխանիզմներ» կընտրի Մոսկվան՝ խնդիրը դա է: