Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը

Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը

Մահացել է նկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ Խաչիկ Հարությունյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի նկարիչների միությունն ու տեղեկացնում, որ հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 26-ին ժամը 18:00-20:00 «Լյուար» սգո սրահում: Հուղարկավորությունը՝ ապրիլի 27-ին ժամը 13:00-ին նույն վայրից: Խաչիկ Հարությունյանը ծնվել է 1953 թվականի օգոստոսի 6-ին Երևանում: 1971-75 թվականներին սովորել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի նկարչության ու գծագրության բաժնում։ Աշխատել է Սևանի շրջանի Ծովագյուղի միջնակարգ դպրոցում` որպես ուսուցիչ, հետագայում՝ Սևանի քաղաքային կուլտուրայի բաժնի թատրոնում` բեմադրող նկարիչ։ 1977-82 թվականներին եղել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի նկարիչ-դեկորատորը, մասնակցել է մի շարք օպերային և բալետային ներկայացումների ձևավորման աշխատանքներին՝ «Դավիթ Բեկ», «Նորմա», «Տոսկա», «Գայանե», «Անուշ» և այլն: Խաչիկ Հարությունյանի համահեղինակությամբ ստեղծված «Հայաստան» որմնանկարը 2014-ին ընդգրկվել է ՀՀ պատմամշակութային արժեքների ցանկում։ Նա հեղինակ է տասնյակից ավելի մոնումենտալ աշխատանքերի, ձևավորել է բազմաթիվ գեղարվեստական գրքեր, հրատարակել է գեղանկարչական երեք ալբոմ, բանաստեղծությունների և գրաֆիկական աշխատանքների երկու ժողովածու։ Հրապարակումներով և ելույթներով հանդես է եկել մամուլում և հեռուստատեսությամբ։ Հեղինակել է բազմաթիվ հոդվածներ, որոնք հրապարակվել են թերթերում և ամսագրերում, հրատարակել հեղինակային գիրք-ալբոմներ։ Նրա բազմաթիվ աշխատանքներ պահպանվում են ՀՀ մշակույթի նախարարությունում և գեղարվեստական ֆոնդերում, անհատական հավաքածուներում, Ռուսաստանում, Գերմանիայում, Բելգիայում, Ֆրանսիայում և այլուր: Խաչիկ Հարությունյանը նաև ՌԴ նկարիչների միության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների դաշնության անդամ էր: