Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ

«Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունը ցեղասպանություն իրականացրեց հայերի դեմ։  1915թ․ ապրիլից  սկսած զանգվածային մահապատիժների և տեղահանությունների հետևանքով միլիոնավոր մարդիկ զրկվեցին կյանքից։ Տարիներ շարունակ խաղաղ գյուղեր են ավիրվել։ Օսմանցի զինվորները կոտորել են ընտանիքներ՝ փորձելով ոչնչացնել հայ ժողովրդին։ Մյուսներին աքսորել են ամայի վայրեր և ստիպել գնալ մահվան երթի, որի ժամանակ նրանք խոշտանգվել են, ենթարկվել բռնությունների նախքան նահատակվելը։ Այս ցեղասպանությունը բազմիցս ժխտվել է։ Դրա հեղինակները երբեք պատասխանատվության չեն ենթարկվել։ Այսօր Հայոց ցեղասպանության վերքերը վերաբացվել են։ Մարդիկ այնպիսի ցավ են ապրում,  որ չեն զգացել 1915թվականից ի վեր։ Ավելի քան 100 հազար հայ է տեղահանվել կամ սպանվել Լեռնային Ղարաբաղում՝ իրենց պապենական հողում։  Նախորդ տարի Ադրբեջանին կոչ եմ արել դադարեցնել  միջազգային իրավունքի ոտնահարումը, երբ փակվել էր տարածաշրջանի հետ կապող միակ ճանապարհը, ինչպես նաև կոչ եմ արել դադարեցնել Լաչինի շրջափակումը, որպեսզի մարդասիրական օգնությունը հասներ Լեռնային Ղարաբաղ։ Խորապես ցավալի է, որ այս կոչերն անտեսվեցին։ Այդ ժամանակից ի վեր այս ճգնաժամը սրվել է՝ ընդհուպ մինչև ռազմական ուժի կիրառմամբ: Ռմբակոծության են ենթարկվել խաղաղ բնակիչներ, երեխաներ, կանայք և ծերեր։ Միջազգային հանրությունը չպետք է գլուխը թաքցնի ավազի մեջ։ Այս վայրագությունները չպետք է անտեսվեն։ Չնայած այս ցավին՝ թե՛ 20-րդ դարասկզբին, թե՛ այսօր, հայ ժողովուրդը կանգուն է մնացել։ Հայ համայնքները շարունակում են պահպանել իրենց մշակույթն ու ապրելակերպը ատելության պայմաններում։ Մենք սգում ենք միլիոնավոր տղամարդկանց, կանանց և երեխաների համար, ովքեր վայրագորեն սպանվել են: Մենք արդարություն ենք պահանջում հայ ժողովրդի համար, կոչ ենք անում դադարեցնել հակամարտությունը, որը շարունակում է սպառնալ տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը։ Եվ մենք կոչ ենք անում, որ յուրաքանչյուր երկիր ճանաչի 1915-ի ոճրագործությունները, այն է՝ Մեծ Եղեռնը, Հայոց ցեղասպանությունը»։