Իրանը զգուշացնում է Ադրբեջանին

Իրանը զգուշացնում է Ադրբեջանին

Իրանի անվտանգության Բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Ահմադիանը հայտարարել է, թե Իրանը զգուշացնում է այն երկրներին, որոնք Իսրայելի «սիոնիստական վարչակազմին» թույլ են տվել իրենց տարածքում տեղակայել կիբերանվտանգության կենտրոններ: Նա նշել է, որ երկրները, որոնք տեղակայել են այդպիսի կենտրոններ կամ աշխատում են իսրայելական արտադրության կիբերանվտանգության համակարգերով, խնդրի կբախվեն ապագայում՝ առանց հետագա բացատրությունների: Թե հատկապես ինչ երկրներ նկատի ունի իրանցի բարձրաստիճան պաշտոնյան, որը մասնակցել է Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած անվտանգության համաժողովին եւ հանդիպել նաեւ իր ռուսաստանցի գործընկեր Պատրուշեւի հետ, մանրամասնված չէ: Սակայն, կասկած չկա, որ այդ երկրների շարքում է նաեւ Ադրբեջանը, որտեղ Իսրայելը ունի մասնակցություն թե անվտանգության համակարգի ձեւավորման գործում, թե նաեւ ունի անմիջական հենակետեր, այդ թվում անկասկած նաեւ կիբերանվտանգության համակարգերով: Ավելին, ըստ տեղեկությունների, Ադրբեջանում իսրայելական հենակետերը հինգն են, որոնց հիմնական տեղակայման վայրերը գտնվում են 44-օրյա պատերազմից հետո օկուպացված տարածքներում: Ադրբեջանը Իսրայելի հետ պայմանագիր կնքեց այդ տարածքներում ագրոհամալիրներ կառուցելու վերաբերյալ, եւ մեծ հավանականությամբ դրանք հենց հենակետերի քողարկումներն են: Ի՞նչ է ենթադրում Իրանի զգուշացումը, դարձյալ մանրամասնորեն պարզ չէ: Իրանը ակնարկում է, որ կարող է հասցնել հրթիռայի՞ն հարվածներ, թե՞ հարվածել իր կիբերանվտանգության համակարգով: Ըննդ որում, հարկ է նկատել, որ Ադրբեջանից ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին որոշումը շատ միջազգային փորձագետներ պայմանավորում են նաեւ Իրանի հնարավոր գործողությունների գոտուց ռուսական զինուժի դուրսբերման հանգամանքով, հղում անելով փաստին, որ խաղաղապահների դուրսբերման մասին անսպասելի հայտարարվեց Իրանի եւ ՌԴ նախագահների հեռախոսազրույցից կարճ ժամանակ անց: Ի դեպ, հատկանշական է, որ Իրանի անվտանգության Բարձրագույն խորհրդի քարտուղարըը իսրայելական կիբերհենակետեր տեղակայած երկրներին ուղղված զգուշացում բարձրաձայնում է Պատրուշեւի հետ հանդիպումից հետո: Պետք է ենթադրել, որ Մոսկվան ու Թեհրանը դրել են Բաքվին Իսրայելից «կտրելու» խնդիր, թերեւս համարելով նաեւ, որ Իսրայելն է Արեւմուտքի ռազմավարության համատեքստում դիտվելու Ռուսաստանն ու Իրանը միմյանցից «կտրելու» հարցում Ադրբեջանի խաղարկման գլխավոր գործիք: