Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»

Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»

Մեկնաբաններից եւ քաղաքագետներից ոչ ոք, կարծես, ուշադրություն չդարձրեց կարեւորագույն իրողությանը. Պուտին-Ալիեւ՝ գրեթե մի լրիվ աշխատանքային օր տեւած, բանակցություններին հաջորդեց ՌԴ ԱԳՆ կոլեգիայի նիստը, որտեղ քննարկվել է Հարավային Կովկասում Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի դիվանագիտական պաշտպանության հարցը: Գլխավոր շեշտադրումը, որ հրապարակայնացվել է, այն է, որ «հավաքական Արեւմուտքը ձգտում է հետխոհրդային տարածքի այլ մասերում, ներառյալ Հարավային Կովկասը, ապակայունացնել իրավիճակը, խաթարել տարածաշրջանի երկրներն Ռուսաստանին կապող դաշնակցային եւ գործընկերային հարաբերությունները, ինչպես նաեւ փլուզել հավաքական անվտանգության եւ տնտեսական համագործակցության առկա մեխանիզմները»: Ռուսաստանյան Regnum-ը, որ գրեթե պաշտոնական, առավելապես ԱԳՆ-ի եւ ուժային կառույցների հետ աֆիլացված քարոզչամիջոցի համարում ունի, Պուտին-Ալիեւ բանակցություններից հետո «գոհունակության հոգոց է հանել» եւ ձեւակերպել, որ՝ «վերջ, Հարավային Կովկասում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու վտանգը կարել է անցած  համարել»: Սա նշանակում է, որ Ադրբեջանը ֆորմալ առումով ՀԱՊԿ-ին չի անդամակցի, բայց մտնում է անվտանգային այն համակարգ, որտեղ, ինչպես Իլհամ Ալիեւն է բնորոշել՝ «Ռուսաստանը հիմնարար երկիր է»: Վերլուծական-խորհրդատվական ի՞նչ փաստաթուղթ է Կրեմլն առաքել ՌԴ ԱԳՆ-ն՝ չգիտենք եւ չենք կարող իմանալ, բայց ենթադրվում է, որ այն պետք է կառուցված լինի Պուտին-Ալիեւ բանակցություններում ձեռք բերված սկզբունքային պայմանավորվածությունների վրա, իսկ դրանք տրամաբանորեն բխում են ռազմավարական համագործակցության մասին երկու տարի առաջ (22.02.2022) ստորագրված Հռչակագրից: Իսկ դա, ինչպես ասում են ռուսները՝ «համակարգաստեղծ փաստաթուղթ է»: Ըստ էության, ԼՂ նկատմամբ Ադրբեջանի լիակատար իրավազորության հաստատման մեկնարկը տրվել է 22.03.2022-ին, երբ Բաքու է գործուղվել ՌԴ ՊՆ բարձրաստիճան պատվիրակություն՝ ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Կիմի գլխավորությամբ: Այդ  Հռչակագրով փոխադարձաբար ստանձնած պարտավորությունների առաջին «բլոկը» գետնի վրա իրողություն է՝ չկա ԼՂՀ, չկա հայ բնակչություն, ղարաբաղյան հարցը որպես քաղաքական սւոբստանտ գոյություն չունի: Պետք է փորձել հասկանալ, թե «ավարտական փուլը որն է»: Նույնիսկ ֆրանսիական մամուլն է ասում, որ Իլհամ Ալիեւը «տարածաշրջանային լուրջ խաղացող է դառնում»: Այլ արձագանքներ, ըստ էության, չկան, բացի նրանից, որ ողջունվում է Ալմաթիի Հռչակագրի հիմքով հայ-ադրբեջանական սահմանազատում իրականացնելու «ձեռք բերված պայմանավորվածությունը»: Իսկ որտե՞ղ է այդ պայմանավորվածությունը, որեւէ մեկը գիտի՞: Ալիեւն ասում է՝ «մենք չպտեք է կույր կատվի պես հետեւենք քարտեզի գծին, այլ ստեղծենք սահման, որ կողմերի համար կոմֆորտային լինի»: Ռուսաստանյան մամուլը գրում է Ադրբեջանում երկաթուղային ցանցի արդիականացման մասին եւ ակնարկում, որ Բաքու-Շիրվան գիծը «հարավայինից բացի ունի նաեւ արեւմտյան շարունակություն»: Խոսքը Հորադիզի մասին է, որ խորհրդային տարիներին տանում էր դեպի Մեղրի եւ Նախիջեւան: «Սահմանային կոմֆորտ» ասելով Ալիեւը դա՞ նկատի ունի: Պուտինը եւ Ալիեւը տարածաշրջանային ռեժիմը համաձայնեցրե՞լ են: