Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան

Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան

Այսօր Ղազախստան է ժամանում Միացյալ Թագավորության արտգործնախարար, նախկին վարչապետ Քեմերոնը, որը շրջագայություն է սկսել Կենտրոնական Ասիայի երկրներով: Ընդ որում, Քեմերոնը այցը սկսել է Տաջիկստանից, ինչը հատկանշական է նրանով, որ ռեգիոնում Իրանին ամենամոտ երկիրն է: Բրիտանիայի արտգործնախարարը Տաջիկստանում հայտարարել է, որ երեք անգամ ավելացնում են փոխադարձ կապերի խթանմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորումը: Այսօր Քեմերոնը կայցելի Ղազախստան: Պարզ է, որ նպատակը նույնն է՝ Բրիտանիայի ազդեցության ավելացում: Ըստ տեղեկությունների, Ղազախստանում արդեն իսկ կա բավականին շոշափելի բրիտանական ներկայություն, մոտավորապես 600 ընկերություններ եւ կազմակերպություններ, որոնք գործում են բրիտանական կապիտալի մասնակցությամբ: Նախօրեին, Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարեց, թե Ղազախստանն առաջարկել է Աստանայում անցկացնել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, ինչին Բաքուն տվել է համաձայնություն: Երեւանը առայժմ չի մեկնաբանել այդ հայտարարությունը, սակայն այն, որ Ղազախստանը ունենալու էր այդօրինակ որեւէ գործառույթ, նկատել էի դեռեւս այն ժամանակ, երբ Տոկաեւի Բաքու կատարած այցից երկու շաբաթ անց Հայաստան ժամանեց Ղազախստանի արտգործնախարարը, իսկ դրանից երկու շաբաթ անց էլ՝ ինքը Տոկաեւը: Ալիեւը հայտարարել է նաեւ, որ խոսքը Ղազախստանի միջնորդության մասին չէ, այլ միայն որպես հանդիպման հրթակ: Իհարկե հասկանալի է, որ Ղազախխստանի հայ-ադրբեջանական հանդիպման համար «տարածքի վարձակալությամբ տրամադրելու» խնդիր չէ, որ ուզում է լուծել: Հանդիպումների վայրերը չեն լինում պատահական ընտրություն: Հետեւաբար, եթե Երեւանի եւ Բաքվի միջեւ կայացվի այնտեղ հանդիպելու համաձայնություն, ապա մեծ հավանականությամբ հնարավոր է ասել, որ կա առնվազն ինչ որ «զուգահեռ» գծի հարց: Եվ այստեղ առանցքային հարցն այն է, թե ու՞մ համար է այդ զուգահեռ գիծը փորձում բացել Աստանան, եւ արդյո՞ք զուտ ժամանակագրական էր, որ Ալիեւը Ղազախստանի առաջարկին հավանության մասին հայտարարեց Բրիտանիայի արտգործնախարարի Աստանա այցի նախօրեին: Ի դեպ ուշագրավ էր նաեւ, որ դրա նախօրեին էլ Հայաստանի վարչապետն էր բրիտանական մի շարք լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում՝ Երեւանում հարցազրույց տալով նրանց: Նախորդ տարեվերջին Բրիտանիայի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի նախարար Դոգերթին հայտարարեց Բաքվում, որ Բրիտանիայի համար ռազմավարական առաջնահերթություն է Միջին Միջանցքի ձեւավորումը՝ ԿԱ-Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա: