Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Իսպանիայի Կատալոնիա նահանգի «Արարատ» հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ և Սանտա Կոլոմա դե Գրամենետի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ տեղի է ունեցել հիշատակի արարողություն։ Այս մասին հայտնում է Իսպանիայի Կատալոնիա նահանգի Արարատ հայկական ասոցիացիան։ Արարողությանը ներկա գտնված փոխքաղաքապետ Բարբարա Ֆերերն ընդգծել է, որ քաղաքային խորհուրդը 2012 թվականին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և հավելել, որ նման գործողություններն օգնում են կանխել մարդկության դեմ նոր հանցագործությունները։ Նա հայտնել է, որ միջազգային համագործակցության հիմնադրամն իր աջակցությունն է ցույց տվել Լեռնային Ղարաբաղի փախստականներին: Իր հերթին, քարտուղար Միրեյա Մատան, ով ներկա է գտնվել Կատալոնիայի Ժեներալիտետի նախագահ Պերե Արագոնեսի անունից, իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին՝ նշելով, որ այն, ինչ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում, ցեղասպանության շարունակությունն է: «Արարատ» ասոցիացիայից ներկա է եղել Սարգիս Հակոբյանն, ով շնորհակալություն է հայտնել ներկաներին և ընդգծել․ «Այսօր մենք խոսում ենք անցյալի մասին, բայց այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, հայկական կոտորածի շարունակությունն էր»։ Հիշատակի արարողությանը ներկա է եղել նաև Բասկերի խորհրդարանի նախկին փոխնախագահ Ռաֆել Լարեյնան: