ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման բարձրաստիճան անդամներից մեկը հայտարարել է, որ շարժումն իր մոտ գերի է պահում Իսրայելի շուրջ 30 բարձրաստիճան գեներալների ու սպաների: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը: Ըստ հրապարակման՝ պաշտոնատար անձը, որի անունը չի նշվում, Al-Araby Al-Jadeed պարբերականին տված հարցազրույցում հայտնել է, որ իրենք չեն կարող ասել ողջ մնացած իսրայելցի պատանդների թիվը, սակայն նրանց թիվը զգալիորեն ավելին է, քան հաղորդվում է իսրայելական լրատվամիջոցներով: «ՀԱՄԱՍ-ը պահում է շուրջ 30 իսրայելցի բարձրաստիճան գեներալների ու սպաների, որոնք հոկտեմբերի 7-ին գերի են վերցվել ռազմակայաններից և անվտանգության մի քանի կարևոր օբյեկտներից», - հավելել է պաշտոնյան: ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը շարունակել է, որ այս գերիները պահվում են լավ պաշտպանված վայրերում, որոնք հասանելի չեն իսրայելական զորքերին։ Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժման հետևանքով Իսրայելում գրեթե 1200 մարդ է զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Պատանդների մի մասը նոյեմբերին ձեռք բերված 7-օրյա հրադադարի ժամանակ փոխանակվել է Իսրայելի բանտերում պահվող պաղեստինցիների հետ։ Ըստ Իսրայելի՝ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ գտնվում է շուրջ 130 պատանդ, որոնց մի մասը զոհվել է։ Գազայի հատվածում Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 34 000-ը։