Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞

Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞

Մոսկվայում Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցություններին ընդառաջ ՀԱՊԿ-ի անունից հայտարարվեց, որ Ադրբեջանն ինքնուրույն ապահովում է անվտանգությունը: Խոսքը Լեռնային Ղարաբաղում ռուսական զորախմբի ներկայությունը վաղաժամկետ դադարեցնելու մասին էր: Ստացվում է, որ այդ զորախմբի գլխավոր առաքելությունը ոչ թե ԼՂ հայ բնակչության անվտանգության, այլ այնպիսի իրավիճակի ապահովումն էր, երբ Ադրբեջանը կկարողանա ինքնուրույն ապահովել իր անվտանգությունը: Ռուսաստանը Կովկասի եւ աշխարհագրական ավելի մեծ ընդգրկման տարածքի անվտանգության ապահովման հիմնարար երկիրն է,- ապրիլի 22-ին Մոսկվայում հայտարարել է Իլհամ Ալիեւը եւ բազմանշանակ ավելացրել, որ այդ առաքելության համար շատ բան կախված է ռուս-ադրբեջանական հարաբերություններից: Պուտին-Ալիեւը բանակցությունները գնահատելիս «Թուրան» գործակալությունն ընտրել է այս խորագիրը. «Լենին, ԲԱՄ, արեւելք, հարավ»: Ըստ էության, դա Ադրբեջանի քաղաքակրթական-աշխարհաքաղաքական ընտրության բնութագիր է: Հստակ է, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները «բաժանարար են գծել»: Դա նշանակում է, որ ՀԱՊԿ-ի, իրականում՝ Ռուսաստանի ազդեցության սահմանն արդեն գրեթե ֆորմալ առումով ոչ թե հայ-ադրբեջանական, այլ՝ ադրբեջանա-հայկական «քաղաքակրթական դիմակայության գիծն է»: Մինչեւ անցյալ տարվա սեպտեմբեր այն, պայմանականորեն ասած՝ «անցնում էր Ասկերանով»: Այսօր դա Ոսկեպարն է: «Մենք չպետք է կույր կատվի պես հետեւենք քարտեզի գծին, այլ  ունենանք սահման, որ կողմերի համար կոմֆորտային լինի» - Մոսկվայից վերադառնալուց հետո հայտարարել է Իլհամ Ալիեւը: Նման ձեւակերպում դեռեւս անցյալ տարվա հոկտեմբերին Բիշքեկում արել է Ռուսաստանի նախագահ Պուտինը, երբ ասել է, որ սահմանազատման ընթացքում «մեկ կիլոմետր՝ այս կողմ, հարյուր մետր՝ այն կողմ, էական չէ»: Ալիեւը փաստորեն ակնարկում է, որ Ալմաթիի Հռչակագիրը դոգմա չէ, Աստվածաշունչ կամ Ղուրան չէ, կարեւորը «կոմֆորտն է»:  Եւ այն «ստեղծելիս» Հայաստանը եւ Ադրբեջանը «միջնորդի կարիք չունեն»: Փաստացի ստացվում է, որ ՀԱՊԿ-ը (Ռուսաստանը) որ իբրեւ ռազմավարական դաշնակից իր աշխարհաքաղաքական սահմանը պետք է գծեր Հայաստանի տարածքում «կոմֆորտի ստեղծման» սկզբունքով, դա անում է Ադրբեջանի զինուժի հսկողության գոտուց: «Կոմֆորտի» մասին Ալիեւի ակնրակը, կարծես, դրա մասին է, ինչից հասկացվում է, որ հայ-ադրբեջանական սահմանազատման հարցում Մոսկվայի եւ Բաքվի մոտեցումները համաձայնեցված-նույնական են, եւ խորքային իմաստով Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ի «պատասխանատվության գոտին» այն է, որտեղ ավարտվում է կամ ֆորմալ առումով կավարտվի Հայաստանի հետ Ադրբեջանի պետական սահմանը: Վլադիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիեւն այդպես են պայմանավորվել: