Էրդողանը դարձյա՞լ սպառնում է

Էրդողանը դարձյա՞լ սպառնում է

Ապրիլի 24-ի առիթով ամենամյա ուղերձում Թուրքիայի նախագահ Էրդողանը մնալով «հավատարիմ» թուրքական քաղաքականությանը, հայերի ցեղասպանությունը որակ է Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած ողբերգություն, որի հետեւանքով զոհվել են Թուրքիայի հայ քաղաքացիներ: Ընդ որում, Էդողանը հայտարարել է նաեւ, թե այսօր Թուրքիան երաշխավորում է իր հայ քաղաքացիների անվտանգությունն ու լիակատար իրավահավասարությունը: Ուղերձը նա եզրափակում է մտքով, որում կարծես թե նկատվում է սպառնալից ուրվագիծ: «Մենք հավատում ենք, որ ապագա սերունդներին աշխարհը շրջապատող բռնության և պատերազմի պարույրից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է՝ այն դասերի լույսի ներքո, որոնք մենք կքաղենք մեր ընդհանուր ցավից», հայտարարել է Էրդողանը: Ի՞նչ դասի մասին է խոսքը եւ ո՞վ պետք է քաղի այդ դասը: Հարցը բաց է, սակայն դրան Թուրքիան պատասխանում է իր այսօրվա վարքագծով: Իսկ այդ վարքագիծը մեղմ ասած ցավալիորեն հուշում է այն մասին, որ ասելով «դաս քաղել», Էրդողանը նկատի ունի այն, որ դաս պետք է քաղեն ցեղասպանության զոհերը, իսկ այդ «դասը» պետք է լինի Թոււրքիայի հետ՝ Թուրքիայի պայմաններով ապրելը: Համենայն դեպս, այդ ամբողջ բխում է Թուրքիայի ներկայիս վարքագծից, որն ամբողջությամբ կառուցված է վերջնագրային տոնի վրա, ընդ որում ոչ միայն անմիջական կատարմամբ, այլ նաեւ Ադրբեջանի ձայնակցությամբ, որի նախագահ Ալիեւը հենց նախօրեին հայտարարել է այն մասին, որ Հայաստանի հետ խաղաղության համար պետք է, որ Հայաստանը հրաժարվի նաեւ իր զինանշանի վրա Արարատ լեռան պատկերից: Հայաստանն իր անկախության երեք տասնամյակի ընթացքում որեւէ կերպ պահանջատեր չի եղել Թուրքիայի տարածքային ամբողջության ու սուվերենության հանդեպ: Ավելին, Հայաստանի նախագահները հայտարարել են, որ Հայաստանը չի էլ կարող լինել պահանջատեր, չկան դրա իրավական հիմքերը: Հայաստանն ընդամենը բարձրաձայնել է պատմական փաստիի ճանաչման անհրաժեշտությունը, այն էլ դրա որեւէ կրկնության ռիսկը կանխարգելելու մեխանիզմների ձեւավորման տրամաբանությամբ: Հայաստանը մշտապես արտահայտվել է առանց որեւէ նախապայմանի Թուրքիայի հետ հարաբերություն հաստատելու, հարաբերություն կարգավորելու պատրաստակամությունը: Ավելին, Հայաստանը 2009 թվականի արձանագրություններով պատրաստակամություն է հայտնել անգամ միջկառավարական հանձնաժողովի շրջանակում քննարկել պատմական հարցերը պատմաբանների ենթահանձնաժողովի միջոցով: Բայց, Թուրքիայի այն ժամանակ վարչապետ, հետո նախագահ Էրդողանն է արգելակել այդ արձանագրությունների վավերացումը եւ  անցել ավելի ու ավելի կոշտ քաղաքականության: Այն, որ Հայաստանն ու Թուրքիան պետք է գտնեն ռեգիոնալ համակեցության, հարեւանության բանաձեւը, կասկածից վեր է: Այն, որ դրա ուղղությամբ պետք է աշխատանք ու ջանք լինի երկկողմ՝ եւս անկասկած է: Բայց, Թուրքիայի ներկայիս վարքագիծը ոչ միայն չի ենթադրում այդպիսի աշխատանք ու ջանք, այլ չի ենթադրում նույնիսկ այսպես ասած «անտարբերություն»: Հակառակը, Թուրքիան աշխատանք ու ջանք է գործադրում հայկական կողմում սուբյեկտության որեւէ ներուժի բացառման պայմանների թելադրելու եւ պարտադրելու ուղղությամբ, որտեղ սեղանին ոչ թե հարաբերության հարցն է, այլ ենթակայության ռեժիմն ու բովանդակությունը: