Ալիեւի «ձիով քայլը»

Ալիեւի «ձիով քայլը»

Ուկրաինայում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյմուր Մարդալիեւը X (նախկին Թվիթեր) սոցիալական ցանցում գրառում է արել. «Պատիվ եմ ունեցել ներկայացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հասցեագրած հրավերի նամակը՝ Բաքվում COP29-ին մասնակցելու համար» - գրել է Մարդալիեւը: Նրան ընդունել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Անդրեյ Սիբիտան: Ե՞րբ է Կիեւում Ադրբեջանի դեսպանը փոխանցել Ուկրաինայի նախագահին հասցեագրված՝ Իլհամ Ալիեւի հրավերի նամակը՝ հայտնի չէ: Ստույգ է, որ Բաքվի լրատվամիջոցներն այդ մասին հայտնում են Մոսկվայում Պուտին-Ալիեւ բանակցությունների հաջորդ օրը, ինչից կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները քննարկել են նաեւ Բաքու-Կիեւ հարաբերությունները: Տարեսզբին Ուկրաինայի նախագահ Զելեսնկին դիմել էր Իլհամ Ալիեւին՝ առաջարկելով, որ նա մասնակցի ռուս-ուկրաինական կարգավորման սկզբունքների մշակմանը: Բաքվի պատասխանը կլիմայի հարցերով խորհրդաժողովին Ուկրաինայի նախագահի մասնակցության հրավերն է: Ալիեւը «ձիու քայլ է արել»: Ըստ էության նա մերժել է Ուկրաինայի հարցով Շվեյցարիայում գումարվելիք խորհրդաժողովին իր մասնակցությունը: Մյուս կողմից, որպեսզի տպավորություն թողնի, որ Ուկրաինայից երես չի թեքել, նա Զելենսկիի հրավիրում է մի միջոցառման, որ Կիեւի համար սկզբունքային որեւէ նշանակություն չունի: Ալիեւը պարզապես հնարավորություն է տալիս, որ Զելենսկին մերժի հրավերը եւ գրանցվի դիվանագիտական «ոչ ոքի»: Բայց դա «սառցալեռան վերջյա մասն է»: Մոսկվայում Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Ռուսաստանը Կովկասի եւ աշխարհագրական ավելի լայն ընդգրկման տարածքի անվտանգության ապահովման «հիմնարար երկիրն է»: Սա արդեն աշխարհաքղաքական ընտրության բացահայտ ձեւակերպում է: մանավանդ որ Ալիեւն ավելացրել է, որ այդ դերակատարության համար ռուս-ադրբեջանական հարաբերություններից «շատ բան է կախված»: Ըստ էության, Ալիեւը հասկացրել է, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ է: Մեկնաբանների ուշադրությունից, կարծես, դուրս մնաց մի էական հանգամանք. Պուտին-Ալիեւ բանակցություններին ընդառաջ ՀԱՊԿ-ի անունից հայտարարվեց, որ Ադրբեջանն «ինքնուրույն է լուծում անվտանգության խնդիրը»: Դա փաստացի Մոսկվայի անոնսն էր եւ նշանակում է, որ Ադրբեջանը եւ Ռուսաստանը տարածաշրջանի ստատուս-քվոյի հարցում տարաձայնություններ չունեն: Բաց է մնում մի հարց. Ռուսաստանն Ադրբեջանին «պահնորդ է նշանակում» նրա ներկայիս սահմաններո՞վ: Պուտինը համաձայն է, որ հայ-ադրբեջանական սահմանազատում իրականացվի Ալմաթիի Հռչակագրի իրավական հիմքո՞վ: Մենք ոչ թե ակտիվ օկուպացիա ենք իրականացնում, այլ վերադարձնում ենք պատմականորեն մեզ պատկանող տարածքները,- «Գիտելիք» ընկերության համաժողովին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը: Իլհամ Ալիեւը Հայաստանի ողջ տարածքն անվանում է «վաղեմի ադրբեջանական»: Ուկրաինայի ուղղությամբ նրա «ձիու քայլը» Հայաստանի դեմ «մեծ շախմատային պարտիայի գաղտնի քա՞յլն է»: «Փակ ծրարը» Պուտինի մո՞տ է: