Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է

Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է

Ռուսաստանի Դաշնային ժողովի վերին պալատի խոսնակ Մատվիենկոն, որ, ի դեպ, վերջերս է տոնել ծննդյան 75-ամյակը, պատրաստվում է գրավոր հարցում հղել Հայաստանի Ազգային ժողովին՝ բացատրություն ստանալու, թե ու՞մ անունից է Ալեն Սիմոնյանը ճանաչել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, իսկ պատերազմն անվանել «Ռուսաստանի ներխուժում»: Ինչու՞ է Ալեն Սիմոնյանը մասնակցել ԵՄ անդամ երկրների խորհրդարանների ղեկավարների համաժողովին, ո՞րն է  Հայաստանի համար դրա «օգտակար գործողության գործակիցը» եւ ի՞նչ անհրաժեշտություն կար, որ նա ռուս-ուկրաինական հակամարտությանը նման գնահատական տար՝ այլ թեմայի հարցեր են: Ինտրիգային է, երբ Ռուսաստանի ԴԺ վերին պալատի խոսնակն ակնկալում է, որ Հայաստանի Ազգային ժողովն Ալեն Սիմոնյանի «ռուսաֆոբ, հակառուսական հայտարարություններին գնահատական կտա»- քանի որ տիկին Մատվիենկոն համոզված է, որ «հայ ժողովուրդը դրանք չի կիսում»: Ենթատեքստն այն է, որ Ալեն Սիմոնյանը «հայ ժողովրդին չի ներկայացնում»: Այսինքն, նա «ապօրինի» է ճանաչում Հայաստանի իշխանությունն առհասարակ, որովհետեւ Ալեն Սիմոնյանը ներկայացնում է ՔՊ կուսակցությունը, որի առաջնորդը Նիկոլ Փաշինյանն է: Մատվիենկոն փաստացի Հայաստանի խորհրդարանական ընդդիմությանը կոչ է անում «մրցագորգ կանչել» Ալեն Սիմոնյանին, բացատրություն պահանջել եւ նրա «ռուսաֆոբ եւ հակառուսական հայտարարություններն» քաղաքական գնահատական տալ: Սա անկախ եւ ինքնիշխան երկրի ներքին կյանքին կոպիտ միջամտության ակնհայտ իրողություն է: Բայց Մատվիենկոյի «հորդորը» նաեւ դժգոհություն է Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունից, թե ինչու՞ առայսօր Ալեն Սիմոնյանից «հաշվետվություն չի պահանջել»: Ազգային ժողովի «Հայաստան»  եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները կանսա՞ն Մատվիենկոյի «հորդորին»: Մատվիեենկոն իրոք գրավոր հարցում կանի՞՝ պարզ կլինի, թերեւս, առաջիկա օրերին կամ շաբաթներին: Ուշագրավ է, որ Մատվիենկոն Ալեն Սիմոնյանի «ռուսաֆոբիան» հիշել է Պուտին-Ալիեւ բանակցություններից անմիջապես հետո եւ Տավուշում ծավալվող դեպքերի ու  Հայաստանում իշխանափոխության շարժման ձեւավորման մասին տեղեկատվա-քարոզչական «ներարկումների» ֆոնին: Մատվիենկոն Ռուսաստանի քաղաքական վերնախավի «հին ոսկոր» է, պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել գործադիր իշխանությունում: Եւ նրա հայտարարությունից երկու էական հարցադրում է հետեւում. Կրեմլն այլեւս Հայաստանի գործողղ իշխանությունը հայ ժողովրդի ներկայացուցիչ չի՞ ճանաչում, թե խնդիրը բացառապես Ալեն Սիմոնյանի հետ է: Եւ եթե Կրեմլի գնահատմամբ ՔՊ-ն եւ Նիկոլ Փաշինյանը «հայ ժողովրդին չեն ներկայացնում»՝ ու՞մ է Մոսկվան «հայ ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ» տեսնում: