«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը

«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը

«Այլևս երբեք: Մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ: Եվ սա ամենևին էլ մեղադրանք չէ ինքներս մեր հասցեին, այլ դիտանկյուն, որտեղ մենք, միայն մենք ենք մեր ճակատագրի պատասխանատուն ու տնօրենը և պարտավոր ենք ունենալ բավարար միտք, կամք, խորք ու իմացություն՝ այդ պատասխանատվությունը մեր ինքնիշխան որոշումների ու ընկալումների տիրույթում կրելու», ապրիլի 24-ին հայերի ցեղասպանության տարելիցի առիթով ուղերձում ասում է Հայաստաննի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ուղերձը ըստ էության որեւէ ուղղակի անդրադարձ չէր պարունակում մտքերին, որ նախօրեին իր հայտարարություններում շոշափել էր Թուրքիայի նախագահ Էրդողանը, առաջարկելով Փաշինյանին հրաժարվել «անհիմն հիշողություններից» եւ ճանապարհային քարտեզ մշակել Թուրքիայի հետ հարաբերություն կարգավորելու համար: Միեւնույն ժամանակ սակայն, Փաշինյանի ուղերձի տողատակն ըստ էության այն մասին է, որ ցեղասպանության պատճառը եղել է այն, որ հայերը Թուրքիայի հետ «հարաբերվել» են «այլոց սին խոստումներով», հարաբերության սեփական համակարգը կառուցելու կարողության եւ ջանքի փոխարեն, ինչի հետեւանքով էլ «դարձել են սին խոստումների զոհ»: Անշուշտ, այստեղ կա ճշմարտություն, բայց արդյոք այդ հանգամանքը բացատրում եւ բացահայտում է ամբողջ ճշմարտությունը, եւ տալիս ներկայիս իրողություններում հարցերի լուծման ճանապարհը գտնելու, նոր ցեղասպանության ռիսկից խուսափելու, եւ ընդհանրապես ագրեսիայի ռիսկից խուսափելու ճանապարհը: Այս հարցը մեղմ ասած բաց է, եւ իր ուղերձում իրավացիորեն ձեւակերպելով հարցը, Նիկոլ Փաշինյանը իր արդեն վեցամյա պաշտոնավարման ընթացքում, դրա թե այսպես ասած նախապատերազմական, թե հետպատերազմական փուլերում որեւէ կերպ գործնականում չի նպաստել դրա պատասխանների փնտրտուքի անհրաժեշտ միջավայր ձեւավորելուն, առավել եւս պատասխանի արդյունավետության նախադրյալներ ձեւավորելուն՝ ինքնիշխան պատասխանի, ոչ թե խոսքով, այլ գործնական կարողությունների պաշարով, խորքային մտածողությամբ եւ փիլիսոփայությամբ ինքնիշխանության պատասխանի նախադրյալներ: Առանդ դրա, ինքնիշխանության ձեւակերպումների ներքո ընդամենը կա շատ ավելի պարզ մի խնդիր ու հարցադրում՝ հարմարվելու կարողություն, հին իրողությունների փոխարեն նորին հարմարվելու կարողություն: Կարո՞ղ է հարմարվելը ապահովագրել ռիսկերից: