Սյուն եւ անորոշություն

Սյուն եւ անորոշություն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է, իսկ կառավարող մեծամասնությունն էլ կարգապահ տարածել է Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղակայված սահմանային առաջին սյան լուսանկարը: Մինչ Հայաստանի կառավարության ղեկավարը եւ նրա ենթակաները տեղադրում են այդ լուսանկարները, Ադրբեջանի նախագահը Բաքվում կայանալիք Կլիմայի վեհաժողովին առնչվող միջազգային համաժողովի շրջանակում ելույթում հաթաթա է տվել Հունաստանին, Ֆրանսիային ու Հնդկաստանին, ասելով, որ ձեռքները ծալած չեն նստելու եւ հետեւեն, թե ինչպես են այդ երկրները սպառազինություն տրամադրում Հայաստանին, եւ վտանգ տեսնելու դեպքում կանեն անհրաժեշտը: Բոլորովին չեն «համադրվում» առաջին սյունն ու Ալիեւի հերթական հոխորտանքը: Այն ուղիղ իմաստով Հայաստանի հասցեին չէ, բայց վերաբերում է Հայաստանին, Հայաստանի հանդեպ Ալիեւի իրական պատկերացումներին, նկրտումներին: Նրա պատկերացրած խաղաղությունը միայն այն Հայաստանի հետ է, որը չունի Ադրբեջանին առարկելու որեւէ հնարավորություն, որեւէ ուժ, որեւէ իրավական հիմք, որը Բաքվի մրցակից չէ, այլ ավելի շուտ Բաքվի ռեգիոնալ դերակատարության «իրեղեն ապացույց»: Դա է Ալլիեւի պատկերացրած խաղաղության ռեժիմը: Այդ պայմաններում ի՞նչ է խորհրդանշում սահմանին տնկված  առաջին սյունը՝ խաղաղությու՞ն, թե՞ խաբեություն, կամ ինքնախաբեություն: Այն, որ Հայաստանի ձգտումը պետք է լինի խաղաղությունը, անգամ քննարկման ենթակա չէ: Բայց, վտանգավորը լինելու է այն ժամանակ, երբ ձգտելով խաղաղության, Հայաստանը սկսի հավատալ այդ «խաղաղությանը»: Ժամանակակից աշխարհում իրավիճակն այնպիսին է, որ հարվածի ռիսկը առավել մեծ է խաղաղության հանդեպ «դյուրահավատության» դեպքում: