Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ

Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է ժամանակակից մարզասարքավորումներով հագեցած մարզահրապարակ։ Ինչպես տեղեկացանք Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, մարզահրապարակի բացման արարողությանը մասնակցել են համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանը, Վարդենիսի համայնքապետարանի, համայնքի կրթամշակութային հաստատությունների աշխատակիցներ, մարզասերներ։ Մարզահրապարակը կառուցվել է «Ազատություն» հասարակական կազմակերպության միջոցներով։ Համայնքի ղեկավարի առաջին տեղակալը շնորհակալություն հայտնել բարերարին և ասել, որ մարզահրապարակի գործարկմամբ Վարդենիսում մարմնամարզությամբ ու մարմնակոփությամբ զբաղվելը կդառնա առավել մատչելի ու մասսայական բնույթ կկրի: «Մարզահրապարակը նվիրված է Արցախյան պատերազմներում զոհված մեր տղաների վառ հիշատակին։ Ամեն անգամ այստեղ գալով, մարզվելով՝ նորովի ենք հիշելու այն սխրանքների մասին, որոնք քաջազուն տղաները կատարեցին հանուն մեր Հայրենիքի ազատության, անկախության, բարօրության։ Նոր սերունդները պետք է խոնարհումով հիշեն նրանց ու նաև պարտավորվեն՝ շարունակեն մեր քաջերի կիսատ թողած գործերը»,-ասել է Կարեն Մկրտչյանը։