Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին

Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայերի ցեղասպանության 109-րդ տարելիցի շեմին Հայաստանին կոչ է արել հրաժարվել «անհիմն հիշողություններից», եւ գործել ըստ ռեգիոնում նոր հաստատվող կարգի տրամաբանության, մշակելով Թոււրքիայի հետ հարաբերության կարգավորման ճանապարհային քարտեզ: Ընդ որում, Էրդողանը նշել է, թե հնարավորությունների պատուհանը չի լինելու անվերջ բաց եւ Հայաստանին կոչ է արել օգտագործել պահը, քանի այն բաց է: Սա ըստ էության շանտաժ է, որովհետեւ առնվազն հարց է առաջանում, թե ի՞նչ է լինելու, եթե «պատուհանը» փակվի. Թուրքիան անցնելու է Հայաստանի հանդեպ ուժայի՞ն քաղաքականության՝ թեկուզ Ադրբեջանի միջոցով: Էրդողանի հայտարարությունը ըստ էության օրգանական շարունակությունն է այն հայտարարության, որ արեց ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը օրեր առաջ, առաջացնելով հանրային բուռն արձագանք: Խոսքը ցեղասպանության զոհերի 1,5 միլիոն թիվը կասկածի տակ դնելու մասին է, որն ուղիղ չասվեց, բայց հայտարարվեց, թե Նիկոլ Փաշինյանն ունի նպատակ՝ անուն առ անուն կազմել զոհերի ցանկը, որ ունենանք «իրական» հիմքեր: Փաստացի ստացվում է, որ այսօր եղածը «իրական» չէ: Եվ ահա, անմիջապես հաջորդում է Էրդողանի ձեւակերպումը՝ հրաժարվել «անհիմն հիշողություններից»: Միեւնույն ժամանակ, Թուրքիայի նախագահը փաստորեն կոչ է անում Երեւանին ներկայացնել հաջորդական կոնկրետ քայլեր՝ «ճանապարհային քարտեզ», թե ինչպես է լուծվելու հարցը ավելի «հիմնարար» ձեւով: Արդյո՞ք «քարտեզի» մասին կխոսի Նիկոլ Փաշինյանը՝ ապրիլի 24-ի առիթով ուղերձում, որը ըստ էության կստացվի պատասխան Էրդողանին: Դրանում կհնչի՞ օրինակ պատմությունը համատեղ քննելու առաջարկ, որ առնվազն տրամաբանորեն բխում է այն հայտարարությունից, որ արել էր Քոչարյանը օրեր առաջ, առնվազն այն պարզ պատճառով, որ ցեղասպանությանն առնչվող արխիվային նյութերի ահհռելի մասը Թուրքիայի տրամադրության տակ է: