Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո

Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո

Իլհամ Ալիեւը Ուկրաինայի նախագահ Զելենսկուն հրավիրել է Բաքու՝ Կլիմայի գագաթնաժողովին մասնակցելու համար, որը նոյեմբերին տեղի կունենա Բաքվում: Ալիեւի հրավերը բարձրաձայնվում է նրա մոսկովյան այցից եւ Պուտինի հետ բանակցությունից անմիջապես հետո: Ալիեւը քննարկե՞լ է այդ թեման Մոսկվայում, թե՞ ոչ: Այն, որ Զելենսկին հրավիրվում է, օրինաչափ է, ըստ էության արարողակարգ: Հատկանշականը, ուշադրության արժանին այն է, որ դրա մասին բարձրաձայնվում է Մոսկվա այցից անմիջապես հետո: Ըստ այդմ հետաքրքիր է դառնում՝ Ալիեւը դժգոհ է մնացել այցից եւ որոշել է նյարդայնացնե՞լ Պուտինին, թե՞ հակառակը՝ գոհ է մնացել եւ Մոսկվայի հետ ձեռք բերել պայմանավորվածություններ, որոնք նրան թույլ են տվել նաեւ խաղալ այսպես ասած հակառակ ուղղությամբ եւ բարձրաձայնել Զելենսկուն հրավիրելու մասին, ցույց տալով, որ Մոսկվայում չի «կոտրվել»: Իսկ հնարավո՞ր է, որ Ալիեւը պարզապես քննարկել է Ուկրաինայի եւ ՌԴ միջեւ միջնորդ լինելու հարց, առնվազն այսպես ասած հարթակի կարգավիճակով: Նա կհրավիրի՞ նաեւ Պուտինին: Նախօրեին Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել էր, թե հունիսին Շվեյցարիայում սպասվող Խաղաղության կոնֆերանսի ընթացքում խաղաղության պլան մշակելու դեպքում հետո այն կփոխանցվի «թշնամուն», եւ դրա արձագանքից կախված կլինի այդ պլանը նրա հետ քննարկելու հնարավորությունը: Սա պատահական հայտարարություն չէ, որովհետեւ Զելենսկին նախկինում որեւէ կերպ հնարավոր չի համարել խոսակցություն Ռուսաստանի հետ: Շրջադարձի մասին խոսելն իհարկե տեղին չէ, սակայն տոների փոփոխությունը արժանի է ուշադրության: Ադրբեջանն ըստ ամենայնի ուզում է մտնել այդ խաղի մեջ, առավել եւս նկատելով ռուս-թուրքական հարաբերության խնդիրները: Հնարավոր է, որ Մոսկվան այդ կերպ փորձում է, ինչպես ռուսները կասեն՝ «насолить» Թուրքիային: Դրա՞ համար է, որ Ռուսաստանը դուրս եկավ Արցախից, այսպես ասած «բոնուս» տալով Ալիեւին: Ալիեւը կգնա՞ Էրդողանի դեմ այդպիսի, թեկուզ փոքր ու անմեղ թվացող խաղի: Թե՞ դա նրա «պատասխանն» է Թուրքիային, Հայաստանում ԱԺ մեծամասնության ներկայացուցչի հայտնի հայտարարություններից բխող այն կասկածով, որ Անկարան կարող է ինչ որ «խաղ վարել» Երեւանի հետ, ինչ որ պայմանավորվածության գալով ցեղասպանության հարցում, Բարդ է ասել, բայց, որ նա կարողացել է կառուցել որոշակի ինքնուրույնություն եւ ռեգիոնալ սուբյեկտություն, անկասկած է, հետեւաբար պատերազմի հարցում իհարկե աներկբա կախված լինելով Անկարայաից, այդուհանդերձ քաղաքական սցենարների հարցում նա ունի որոշակի խաղային տարածություն: Ուշադրության է արժանի, որ նույն Զելենսկու՝ մարտին սպասվող այցը Հայաստան ու Ադրբեջան չկայացավ հենց Բաքվի պատճառով, որը մերժել էր այցը: Ըստ ամենայնի՝ Ռուսաստանի հետ համաձայնությունների հասնելու նկատառումով: