Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»

Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»

Ապրիլի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանն այցելել է Բաղդադ եւ Էրբիլ: Milliyet-ի գնահատմամբ՝ դա «արդյունավետ ուղեւորություն էր»: Կողմերն ստորագրել են այսպես կոչված «Զարգացման ճանապարհի» համաձայնագիր: Խոսքը 1200 կմ. երկարությամբ երկաթուղու եւ ավտոմայրուղու մասին է, որ Իրաքի նավանագիստները պետք է կապի Թուրքիան եւ հեռանկարում՝ Եվրոպային: Նախնական հաշվարկով՝ տրանսպորտային այդ ենթակառուցվածքի արժեքը 17 միլիարդ դոլար է: Թուրքիայի տնտեսությունը «խունկ է շնչում». Պաշտոնական տվյալներով սղաճը հասնում է 123 տոկոսի: Անկախ փորձագետների գնահատմամբ՝ այն գրեթե երկու անգամ ավելի է: CNNTurk-ի աղբյուրների տեղեկացվածությամբ՝ առաջիկայում տեղի կունենա «կառավարության կազմի արմատական փոփոխություն, միայն երեք նախարար կպահպանեն պաշտոնները»: Խոսքը, հավանաբար, արտաքին գործերի, պաշտպանության եւ ներքին գործերի նախարարների մասին է: Տնտեսական «ցունամի» ապրող Թուրքիան հազիվ թե կարող է «Զարագցման ճանապարհի» կառուցման ծախսերը հոգալ: Բաքվի իշխանամերձ լրատվամիջոցի կարծիքով՝ նախագիծը «կպաշտպանեն Արաբական միացյալ էմիրությունները եւ Չինաստանը» - ինչից հասկացվում է, որ Էրդողանի «Բաղդադի երկաթուղին» բացառապես քաղաքական նախագիծ է: Մունիցիպալ ընտրություններում պարտությունը սասանել է նրա ներքին հեղինակությունը, իսկ դա չի կարող չանդրադառնալ Թուրքիայի արտաքին քաղաքականությանը: Էրդողանը պատրաստվում է Վաշինգտոն ուղեւորության: Գազայում պատերազմի մեկնարկից կարճ ժամանակ առաջ հայտնի էր դարձել, որ Միացյալ Նահանգները հովանավորում է Հնդկաստան-Մերձավոր Արեւելք-Եվրոպա տրանսպորտային հաղորդակցության մի նախագիծ, որ շրջանցում է Թուրքիան: Հենակետային էին դիտվում Իսրայելի նավահանգիստները: Էրդողանին պետք է ԱՄՆ նախագահին ցույց տալ, որ կարող է «Բաղդադի երկաթուղու» այլընտրանքային տարբերակ իրացնել: Ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում Կենտրոնական Ասիայում: Ղազախստանը եւ Ուզբեկստանը, Ուզբեկստանը եւ Տաջիկստանը, նույնիսկ «ոխերիմ բարեկամներ» Տաջիկստանը եւ Կիրգիզիան ռազմավարական համագործակցության մասին երկկողմ պայմանագրեր են ստորագրել: «Թուրքական աշխարհի» էրդողանյան նախագծին ի հակակշիռ՝ Եվրամիությունը փորձում է Կենտրոնական Ասիայում մեծացնել ազդեցությունը: Թուրքիային այդպես էլ չի հաջողվում ռուս-ուկրաինական կարգավորման մոդերատոր լինել: Ամենաինտրիգայինը, սակայն, Էրդողանի «Բաղդադի երկաթուղու» եւ Պուտինի «Մուրմանսկ-Մումբայ» տրանսպորտային միջանցքի նախագծերի շուրջ համաձայնության օրվա համընկնումն է: Կա՞ արդյոք պայմանավորվածություն, որ Հայաստանի հարավում հաղորդակցությունը պետք է ծառայի նաեւ Ռուսաստանի եւ Թուրքիայի աշխարհաքաղաքական «սիներգիային»: Այլ կերպ ասած՝ Ռուսաստանը Թուրքիայի տարածքում կարո՞ղ է միանալ «Բաղդադի երկաթուղուն»: