36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»

36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` 36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով ուշագրավ զարգացումներ են տեղի ունեցել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` իրավապահների տեսադաշտում է հայտնվել մի դատավոր։ Մասնավորապես` ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին։ Դատավորի շուրջ ստեղծված իրավիճակի առիթով դիմեցինք ԲԴԽ, որտեղից, ի պատասխան, չմեկնաբանեցին, եւ հորդորեցին դիմել իրավապահներին, քանի որ հարցը նրանց տիրույթում է: Իսկ ահա, նախաքննական մարմնից մեզ հայտնեցին, որ հարցաքննված անձանց վերաբերյալ տեղեկությունը հրապարակման ենթակա չէ։ Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել էր, որ ապրիլի 10-ին «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել են «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենային, եւ ժամը 07:15-ից մինչեւ 07:20-ն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մայրաքաղաքային փողոցի դիմաց արհեստական խոչընդոտ ստեղծելով՝ մեքենայի դիմացի աջ դռան պատուհանից զենքի գործադրման սպառնալիքով կանգնեցրել են նշված ավտոմեքենան: Կանգնեցնելուց հետո ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք, ԱԱԾ աշխատակիցների համազգեստին նմանվող համազգեստով եւ դիմակավորված, դուրս գալով ավտոմեքենայից՝ ներկայացել են իբրեւ ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ, եւ ավտոմեքենայում գտնվող 3 անձի նկատմամբ զենքի կիրառմամբ բռնություն գործադրելով՝ նրանց դուրս են բերել ավտոմեքենայից, թմրամիջոց ու այլ արգելված իրեր փնտրելու եւ նրանց ձերբակալելու պատրվակով ձեռքերին անցկացրել են ձեռնաշղթաներ, ապա ավտոմեքենայից հափշտակելով առանձնապես խոշոր չափի՝ 36 կգ քաշով 999 հարգի ոսկյա ձուլակտորները եւ 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի պարունակությամբ պայուսակները, հիշյալ անձանց նկատմամբ բռնություն գործադրելով, նստեցրել են նույն ավտոմեքենան, դիմացի դռնից արցունքաբեր գազ փչելով ավտոմեքենայի մեջ՝ «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Ա․Ս․–ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 252-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով, 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 12 անձի նկատմամբ, որոնցից 5–ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, 3-ի նկատմամբ՝ այլ խափանման միջոցներ, 4 անձի ձերբակալելու որոշում է կայացվել եւ ոստիկանությանը տրվել է նրանց հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն։ Ի դեպ, գրել էինք, որ քրեական վարույթով իրավապահների տեսադաշտում է հայտնվել նաեւ «օրենքով գողի» փեսան»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում