Հեյդար Ալիեւի «ուրվականը»՝ ռուս-ադրբեջանական բանակցություններում

Հեյդար Ալիեւի «ուրվականը»՝ ռուս-ադրբեջանական բանակցություններում

Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի բանակցությունները կավարտվեն ԲԱՄ-ի կառուցման վետերանների հետ հանդիպմամբ: Դա տուրք է Հեյդար Ալիեւի հիշատակին, որ զբաղեցնելով ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը, վերահսկել է Բայկալ-ամուրյան երկաթուղու կառուցումը, որի մեկնարկի հիսունամյակը լրանում է այս տարի: Սա ՌԻԱ-Նովոստիի հաղորդագրությունից է, եւ կեղծիքն իսկույն աչքի է զարնում. Երբ սկսվել է ԲԱՄ-ի կառուցումը, Հեյդար Ալիեւը խորհրդային Ադրբեջանի կոմկուսակցության Կենտկոմի առաջին քարտուղարն էր: Նա Մոսկվա է տեղափոխվել ԲԱՄ-ի շինարարության իններորդ տարում՝ 1982-ի տարեվերջին, հինգ տարի անց պաշտոնազրկվել: ԲԱՄ-ը վերջնական շահագործման է հանձնվել 2003թ.-ին, երբ Հեյդար Ալիեւն արդեն մեկ տասնամյակ անկախ Ադրբեջանի նախագահն էր, ուստի նրա հիշտակը հատուկ հարգելու փաստական հիմք չկա կամ չափազանց նվազ է: Այդուհանդերձ, արարողակարգով նախատեսված է, որ Հեյդար Ալիեւի որդի Իլհամ Ալիեւը հանդիպի ԲԱՄ-ի վետերաններին: Միջոցառմանը, կարելի է վստահաբար ասել, Հեյդար Ալիեւի հասցեին քաղցրախոսության եւ մեծարանքի պակաս չի զգացվելու: Ոչ մի գաղտնիք չկա, առկա են բազմաթիվ փաստական վկայություններ, որ ԽՍՀՄ առաջին փոխվարչապետի պաշտոնում Հեյդար Ալիեւի գերնպատակը՝ Հայաստանի հարավում կառուցել Ադրբեջանը Նախիջեւանին կապող ավտոմայրուղի, իրականություն չի դարձել շնորհիվ Կարեն Դեմիրճյանի վճռական «ոչի»: Ըստ էության, այսօր հայ-ադրբեջանական կարգավորման փորձաքար հանդիսացող՝ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը հեյդարալիեւյան է: Իսկ «համազգային առաջնորդի իղձերի մարմնացումն» Իլհամ Ալիեւի համար սակրալ նշանակություն ունի: Ի՞նչ է խորհրդանշում «ԲԱՄ-ի կառուցմանը Հեյդար Ալիեւի ներդրումը մեծ է»՝ Վլադիմիր Պուտինի հնչեցրած միտքը: Բանակցությունների մեկնարկին Իլհամ Ալիեւը կարեւորել է «կոմունիկացիոն հարցերը»: Բայց նա հրապարակային խոսքում դիվանագիտորեն կենտրոնացել է Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի վրա: Տպավորություն կար, որ այդ խնդիրը կարգավորվել է ՌԴ վարչապետ Միշուստինի Բաքու այցի արդյունքում: Պարզվում է՝ Ալիեւը Մոսկվայից դեռեւս ակնկալիք ունի: Հեյդար Ալիեւի ,,ուրվականը» դեռեւս Կրեմլում է, ռուս-ադրբեջանական բանակցությունների «մասնակից» եւ ինչ-որ տեղ «ուղղորդող է»: Պետք է նկատի ունենալ, որ ռուս-ադրբեջանական գործընկերային հարաբերությունների մեկնարկը տրվել է 2001թ. հունվարի 6-ին, երբ Վլադիմիր Պուտինը եւ Հեյդար Ալիեւը ստորագրել են «Բաքվի հռչակագիրը»: Դա մի շրջան էր, երբ Հայաստանը եւ Ադրբեջանը քննարկում էին «սուվերեն միջանցքների փոխանակման» տարբերակը, բայց Հեյդար Ալիեւը վերջին պահին հրաժարվեց ստորագրել «քիուեսթյան փաստաթուղթը»: Մի՞թե՝ այսօրվա իրողությունների ակնկալիքով: