Զգայուն Պուտինն ու գոհ Ալիեւը. մոսկովյան հանդիպման ձայնը

Զգայուն Պուտինն ու գոհ Ալիեւը. մոսկովյան հանդիպման ձայնը

Մոսկվայում հանդիպել են ՌԴ նախագահ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Ալիեւը: Հանդիպման մեկնարկի ողջույնի խոսքում, երկկողմ տնտեսական հարաբերության խորացման մասին խոսքերից հետո, նրանք անդրադարձել են անվտանգության հարցերին: Այստեղ դրսեւորվել է բավականին նուրբ «կոնտրաստ»: Պուտինը նշել է ռեգիոնում անվտանգության՝ մեծ թվով «զգայուն» հարցերի մասին: Ալիեւը իր հերթին արձանագրել է, որ, «ինչ վերաբերում է անվտանգության հարցերին, ապա ուրախ են՝ ինչպես են դրանք լուծվում»: Այդպիսով, Ալիեւը հայտնել է իր գոհունակությունը ընթացքից, ինչը ամենեւին զարմանալի էլ չէ: Նա բարձր է գնահատել Ռուսաստանի դերը անվտանգության հարցերում եւ նշել, որ իրենց փոխգործակցությունից կախված է շատ բան: Այս «համառոտ» դրվագը կարծես թե խոսում է բավականին նուրբ իրավիճակի մասին: Ալիեւը մի կողմից բարձր է գնահատում Ռուսաստանի դերը, մյուս կողմից սակայն «ուրախ է ներկայիս լուծումներից»: Իսկ բանն այն է, որ ներկայիս լուծումները զգալիորեն նվազեցրել են Ռուսաստանի դերը, ինչի «ամենաթարմ» ակտը ռուս խաղաղապահների դուրսբերման մասին որոշումն էր: Ավելին, դրանից երկու օր անց հայտարարվեց Տավուշում հայ-ադրբեջանական համաձայնության մասին, որի ծավալման եւ իրագործման պարագայում ռուս խաղաղապահները դուրս կգան նաեւ Տավուշի երկու հենակետից, ուր տեղակայվել էին 2020 թվականի պատերազմից հետո: Ստացվում է, որ Ալիեւն «ուրախ» է այդ ամենի համար: Իսկ Պուտինի համար այդ ամենը «զգայուն» հարցեր են: Ալիեւն «անզգա՞մ» է Պուտիննի հանդեպ, թե՞ գիտե, թե ինչ գնով կարող է հանգստացնել Պուտինի զգայարանները: Նա հայտարարում է, որ շատ բան կախված է իրենց գործակցությունից: Ակնա՞րկ է, որ Ադրբեջանի հետ չգործակցելու դեպքում Ռուսաստանը կարող է կորցնել ավելի շատ, թե՞ առեւտրի առաջարկ: Ալիեւն ի դեպ հիշեցրել է Հյուսիս-հարավ տրանսպորտային ծրագիրը, ասելով, թե ինչ լայն նշանակություն ունի այն, եւ թերեւս ակնարկելով Պուտինին, թե ինչ կարեւոր բան է կախված իրենից: Մյուս կողմից, Պուտինը հազիվ թե Ալիեւին կանչեր Մոսկվա բանակցության, եթե չունենար նրա դիմաց հարցադրումներ անելու կարողության որոշակի վստահություն: Չի բացառվում, որ Ալիեւի ողջույնի խոսքը արտահայտելով նրա ինքնավստահությունը, մյուս կողմից նաեւ դրսեւորել է այն, որ նա պատրաստվում է դիմադրության: Ողջույնի խոսքերից հետո սկսել է նրանց դեմ առ դեմ առանձնազրույցը: Ձայնը թերեւս կլսվի ավելի ուշ: