Ֆրանսիայի ուշագրավ լռությունն ու քայլը. այց Տավուշ

Ֆրանսիայի ուշագրավ լռությունն ու քայլը. այց Տավուշ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Տավուշի մարզ: Դեսպանի այցն իհարկե առնչություն չի ունեցել Կիրանցում եւ Ոսկեպարում ստեղծված իրավիճակի հետ, հայտնի իրադարձությունների հետ, որ ծավալվում են ապրիլի 19-ից ի վեր: Դեսպանն Իջեւանում մարզի ղեկավարության հետ քննարկել է երկկողմ գործակցության, մասնավորապես Տավուշի մարզի տարբեր համայնքների եւ Ֆրանսիայի համայնքների միջեւ գործընկերության, տարբեր ծրագրերի առնչվող հարցեր: Չնայած հանգամանքին, որ դեսպանի այցը ոչեւէ ուղիղ առնչություն չի ունեցել Տավուշի սահմանամերձ գյուղերում ստեղծված բարդ իրավիճակին, այդուհանդերձ ուշագրավ է երկու հանգամանք: Դեսպանը մարզ է այցելում հենց այս օրերին՝ այդ բառդ իրավիճակին զուգահեռ, երբ Տավուշ անվան որեւէ հիշատակում անմիջապես ասոցացվում է այդ խնդրի հետ: Միեւնույն ժամանակ, Ֆրանսիայի դեսպանի այցը ուշադրության է արժանի այն ֆոնին, որ ապրիլի 19-ից սկսած՝ առ այսօր՝ ապրիլի 22-ը, հայ-ադրբեջանական հայտնի պայմանավորվածության մասին գնահատական չի հնչեցրել Ֆրանսիան: Ինչպես հայտնի է՝ ողջունել է Գերմանիան, ողջունել է ԱՄՆ, ողջունել է ԵՄ-ն, ողջունել է Թուրքիան, ողջունել է ՆԱՏՕ-ն, իսկ ահա Ֆրանսիան գոնե առայժմ չի տվել գնահատական, եւ արդեն իսկ այդ հանգամանքը, որ օրեր շարունակ Փարիզը «հապաեղել» է հնչեցնել գնահատական, արժանի է ուշադրության եւ բավականին խոսուն է, եթե ավելի ուշ այդուհանդերձ լինի ողջույն կամ որեւէ այլ արձագանք: Ահա այդ ֆոնին, Ֆրասիայի դեսպանը, այդ իմաստով՝ առաջինը օտարերկրյա դեսպանների շարքում, որոնք աշխաատում են Հայաստանում, մեկնում է Տավուշի մարզ: Այդպիսով, Ֆրանսիանն չկա ողջունողների շարքում, փոխարենը առաջինն ու առայժմ միակն է Տավուշ այցելող դեսպանների շարքում: Սա առնվազն թույլ է տալիս եզրակացնել, որ Ֆրանսիայի համար տեղի ունեցողը պարունակում է առնվազն շատ հարցեր, եթե չասենք՝ այդքան էլ գոհացնող, բավարարող համաձայնություն չէ: Հազիվ թե Փարիզը լինելով դրանից գոհ, հապաղեր արտահայտել իր գոհունակությունն ու ողջույնը՝ տեղի ունեցողի կապակցությամբ, եթե նույնիսկ Ադրբեջանից հետ է կանչել իր դեսպանին խորհրդակցության համար: