Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․  Team Telecom Armenia

Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia

22 ապրիլի, 2024 թ, Երևան Ապրիլի 22-ին ամբողջ աշխարհում նշվում է «Երկրի օրը»։ Այս տարի բոլոր միջոցառումները կենտրոնացած են «Մոլորակն ընդդեմ պլաստիկի» թեմայի շուրջ։ Օրվա խորհրդով Team Telecom Armenia-ն ամփոփել է մեկ տարվա ընթացքում շրջակա միջավայրի պահպանման ուղղությամբ ընկերության ներսում տարված աշխատանքները։ Էներգաարդյունավետ լուծումների ներդրում Team-ն արդեն մի քանի տարի է կիրառում է էներգաարդյունավետ լուծումներ՝ կապի և հաղորդակցության էներգաապահովման համար օգտագործելով արևային էներգիա։ 2023 թ․-ին ընկերության աշխատանքներում օգտագործելու նպատակով արդեն գործող 25 արևային կայաններին ավելացվել է ևս 8-ը, ինչի շնորհիվ արևային արտադրանքի մասնաբաժինն ընդհանուր էներգասպառման մեջ գրանցել է շուրջ 7% աճ նախորդ տարվա համեմատ: Այս գործընթացն ընկերությունում լինելու է շարունակական։ Էլեկտրական մեքենաների օգտագործումը խթանելու նպատակով գործարկվել է Team Energy արագ լիցքավորման կայանների ցանցը։ Այժմ Հայաստանի ողջ տարածքում կա շուրջ 50 կայան։ Լիցքավորման կայաններից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնել Team Energy հավելվածը։ Բացի այս ընկերությունը հենց իր ավտոպարկում էլ նախապատվությունը տալիս է էլեկտրական մեքենաներին․ անձայն շարժիչներով և զրոյական արտանետումներով մեքենաների մասնաբաժինը կազմում է 14 %։ Team-ի ռազմավարական ծրագրի՝ NGN ցանցի կառուցման արդյունքում պղնձե մալուխները փոխարինվում են օպտիկամանրաթելային ցանցով, ինչը էականորեն նվազեցնում է ածխածնի երկօքսիդի արտանետումները։ Նշենք նաև, որ այս ցանցի գործարկման արդյունքում ընկերությունը միայն 2023 թվականին խնայել է 275,630 ԿՎտժ էլեկտրաէներգիա։ Թափոնների կրճատում և կայուն զարգացում Էլեկտրոնային թափոնների (e-waste) ստեղծումից խուսափելու համար ընկերությունը վերանորոգում և կրկնօգտագործում է կապի ապահովման սարքերը։ Այսպիսով, 2023 թ․-ին ավելի քան 14 հազար հեռահաղորդակցության էլեկտրոնային սարք չի հայտնվել աղբավայրում, այլ վերանորոգվել, արդիականացվել և կրկնօգտագործվել է։ Նախորդ տարվա համեմատ թղթի վերամշակման ծավալներն աճել են 36 %-ով, իսկ ներդրված eSIM ծառայության շնորհիվ ընկերությունը խուսափել է շուրջ 600 կգ պլաստիկի օգտագործումից՝ արձանագրելով խուսափած պլաստիկի տարեկան 57 % աճ։ Թղթի թափոններ չկուտակելու համար Team-ի բոլոր մասնաճյուղերում հասանելի է նաև E-pen (էլեկտրոնային գրիչ) տեխնոլոգիան։ Ի դեպ, My Team հավելվածի միջոցով միայն այսօր Շեյքի մասնակիցները կարող են շահել էներգախնայող ԼԵԴ լամպեր և անլար լիցքավորիչներ։