Ալիեւին դիմավորել է Գալուզինը. ոսկեպարյան սրացու՞մ

Ալիեւին դիմավորել է Գալուզինը. ոսկեպարյան սրացու՞մ

Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը հաղորդում է, որ ապրիլի 22-ին Իլհամ Ալիեւը Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: Օդանավակայանում նրան դիմավորել են ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, պաշտոնատար այլ անձինք: Արտառոց է, որ Ադրբեջանի նախագահին Մոսկվան ընդունել է ոչ թե գոնե փոխվարչապետի, այլ՝ արտաքին գործերի նախարարի տեղակալի մակարդակով: Արարողակա՞րգն է այդպես պահանջում, թե Կրեմլը Գալուզինին ,,կցել է,, Ալիեւին, որպեսզի վերջինս Պուտինի հետ հանդիպումից առաջ «կուրսի մեջ մտնի»: Ըստ երեւույթին, Մոսկվան, մեղմ ասած, հիացած չէ, որ հայ-ադրբեջանական սահմանազատման իրավական հիմք է դիտարկվում Ալմաթիի Հռչակագիրը: Ալիեւի մոսկովյան ուղեւորության հաստատումից ժամեր առաջ Բաքվի իշխանամերձ լրատվամիջոցը հրապարակել է սոցիալական X (նախկին Թվիթեր) ցանցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ներկայացուցչի գրառումը, որտեղ ասված է. «Մենք ողջունում ենք 1991թ. Ալմաթիի Հռչակագիրը որպես սահմանազատման բազային փաստաթղթի շուրջ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պայմանավորվածությունը»: ՆԱՏՕ-ի, առհասարակ Արեւմուտքի համար ինչ կարեւորություն ունի Ալմաթիի Հռչակագիրը՝ մեկնաբանության կարիք չկա: Ի՞նչ խնդիրներ է այն հարուցում Ադրբեջանի համար՝ նույնպես: Բավական է ասել, որ եթե այդ իրավական հիմքը վերջնականապես ամրագրվի, ապա Բաքուն բախվում է պետական ինքնության վերանայման մարտահրավերի: Ալմաթիի վերաֆորմալացումը լիովին հակասում է Ռուսաստանի շահերին. Մոսկվան Ուկրաինայի մասնատման ռազմավարական խնդիր է փորձում լուծել: Լեռնային Ղարաբաղից զորախմբի հեռացման դիմաց Պուտինն Ալիեւից ի՞նչ է ակնկալել: Հայաստանի հետ սահմանազատումը թողնել Մոսկվայի միջնորդությա՞նը: Պուտինը մտավախություն ունի, որ Ռուսաստանը հայ-ադրբեջանական կարգավորումից դու՞րս է մնում: Եթե Ադրբեջանը 1991թ. խորհրդային բաժանարարը ճանաչում է սահման, ապա մյուս հարցերը վերածվում են «տեխնիկականի»: Մանավանդ Երեւանն էլ ասում է, որ Տավուշում սահմանազատումից հետո ռուսական հենակայանը պետք է հեռանա: Ալմաթիի Հռչակագրին «հավատարմություն հայտնելով»՝ Իլհամ Ալիեւը«,դրժե՞լ է Պուտինին տված խոստումը»: Ապրիլի 18-ի հայ-ադրբեջանական «պայմանավորվածությունը» Մոսկվան չի՞ ողջունում: Դատելով ՌԴ արտգործնախարար Լավրովի արձագանքից՝ ոչ, Ռուսաստանն այն գնահատում է «լոկալ» եւ առաջարկում, որ նախ այդ հատվածում «կայունությունը երաշխավորի» ՀԱՊԿ-ը, իսկ հետագա գործընթացն իրականացվի իր միջնորդությամբ: Պուտին-Ալիեւ բանակցությունների գերթեման, հավանաբար, դա է լինելու: Հայ-ադրբեջանական «պայմանավորվածությունը» կդիմանա՞ մոկովյան փորձությանը: Ալմաթիի Հռչակագրին «հավատարմության խոստում» ապրիլի 4-ին Ալիեւը «տվել է» ԱՄՆ պետքարտուղար Բլինքենին: Եւ եթե նա Մոսկվայում «դրժի» այն, ի՞նչ է հետեւելու: Ոսկեպարյան սրացու՞մ: