Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը

Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը

Պետք է գնահատենք այն, որ Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանազատման հանձնաժողովների նախօրեի հայտարարության առնչությամբ, որին ծանոթ են թերեւս արդեն բոլորը: Անկասկած, ողջունելի կլիներ, եթե Հայաստանն ու Ադրբեջանը առաջին անգամ իրապես լուծած լինեին հարց: Ամբողջ խնդիրն այն է, որ հարց ըստ էության լուծել է Ադրբեջանը, որովհետեւ այն, ինչի շուրջ կողմերը պայմանավորվել են, ըստ էության իր բովանդակությամբ համապատասխանում է Ադրբեջանի պահանջին, իսկ Հայաստանը պարզապես փորձում է տալ ձեւակերպումներ, որոնք թույլ կտան պահել դեմքը: Այն, որ պայմանավորվածության արդյունքում Տավուշի սահմանի որոշ հատվածներ կսահմանագծվեն ու կսահմանազատվեն՝ ստանալով սահմանազատված Պետական սահմանի կարգավիճակ, գործնականում ֆորմալություն է, ինչի մասին վկայում է ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերության մեխանիկան, այլ նաեւ ռեգիոնում եւ դրա շուրջ գոյություն ունեցող աշխարհաքաղաքական «մեխանիկան»: Ի վերջո, Նիկոլ Փաշինյանն ինքն է խոստովանում, որ անգամ այդ համաձայնությունը չի երաշխավորում խաղաղություն, բայց բարձրացնում է հավանականությունը: Խաղաղությունը սակայն «վիճակախաղ» չէ, որ ենթակա լինի հավանականության տեսության հաշվարկների: Խաղաղությունը շատ կոնկրետ քաղաքական, աշխարհաքաղաքական պրոդուկտ է, որը իր հավանականությամբ կարող է լինել 99 տոկոս, բայց գործի պատերազմի 1 տոկոսը, որովհետեւ պատերազմն էլ իր հերթին է քաղաքական եւ աշխարհաքաղաքական «պրոդուկտ»: Հետեւաբար, սկզբունքային է դառնում իրերի դրության եւ դրանց զարգացման տրամաբանությունը: Իսկ այդ իմաստով, ամենից խնդրահարույցը այն է, որ Հայաստանը փաստացի լեգիտիմացնում է իր հետ շանտաժժի լեզվով հարաբերվելու մեթոդաբանությունը: Սա իհարկե կարող է բացատրվել նրանով, որ պետք է ամեն գնով ապահովել կայունություն, քանի որ ռազմական էսկալացիայի դեպքում Հայաստանը չունի բավարար դիմադրունակություն եւ կարող է հետեւանքը լինել ավելին, քան քաղաքական համաձայնությունների առարկան: Բայց չէ՞ որ դա վերջ չունի, այսինքն դա չի լուծում հարց: Հայաստանն ու Ադրբեջանը առաջին անգամ հարց չեն լուծել, դա խաբկանք է: Գուցե նույնիսկ ինչ-ինչ մղումներ Նիկոլ Փաշինյանին ստիպում են մատուցել այն հանրությանը, բայց հետեւանքը շատ վտանգավոր կլինի, եթե հանրությունը ընդունի այդ խաբկանքը, ճանաչի այն: