Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն

Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանագծման ու սահմանազատման հարցերի հանձնոժողովները ապրիլի 19-ին անցկացրել են հանդիպում եւ տարածել են համատեղ հայտարարություն: Հայտարարությունն ըստ էության այն մասին է, որ Տավուշի ուղղոությամբ հայ-ադրբեջանական սահմանի մի քանի հատվածում առաջին անգամ կանցկացվի սահմանազատում ու սահմանագծում եւ կլինի Հայաստան-Ադրբեջան սահմանազատված սահման: Եթե լինենք համառոտ, չվերարտադրելով հանձնաժողովների ամբողջ հայտարարությունը, ապա խոսքն այն մասին է, որ Ադրբեջանը ըստ էության պետք է ստանա այսպես կոչված «ադրբեջանական գյուղերը», որի թեման վերջին շրջանում բուռն քննարկվում էր Հայաստանում: Երեւանը հայտարարում է, որ առաջին անգամ Հայաստան—Ադրբեջան սահմանին կլինի սահմանազատված եւ սահմանագծված Պետական սահման, դա համարելով անվտանգության գրավական: Կողմերը նշում են, որ գործընթացը պետք է իրականացնել ողջամիտ ժամկետում՝ որպեսզի հնարավոր լինի լուծել սոցիալ-տնտեսական անհրաժեշտ խնդիրները, բայց ոչ արհեստական ձգձգումով: Երեւանին հաջողվել է շահել ժամանա՞կ, թե Ադրբեջանին հաջողվել է առաջ տանել ըստ էության միակողմանի զիջումը: Փաստ է այն, որ հայտարարության բովանդակության համաձայն Ադրբեջանը ստանում է իր ուզածը, իսկ Երեւանը՝ ոչինչ: Պետական սահման ասվածը ըստ էության ոչինչ է այն համաշխարհային անվտանգային փխրուն միջավայրում, որ կա այսօր: Այսօր խախտվում են Հայաստանից անհամեմատ ավելի ուժեղ պետությունների եւ տերությունների պետական սահմաններ, հետեւաբար միամտություն է մտածել, թե Պետական սահման ասվածը երաշխավորում է անխախտելիություն: Մյուս կողմից, կասկածից վեր է, որ անկանխատեսելիությունը ոչ պակաս է, եթե չկա այդպիսի գործընթաց: Սա առերեւույթ: Բայց, առանցքային է այն, թե ի՞նչ քննարկումներ են ծավալվում այսպես ասած բանակցային սենյակներում, կամ հանդիպումների սենյակներում, ինչ փաստարկներ ու հակափաստարկներ են հնչում, եւ ինչու՞ է ստեղծվել վիճակ, երբ սահմանազատման եւ սահմանագծման առաջին քայլերը արվում են Ադրբեջանի միակողմանի պահանջի հիմքով: Եվ ի՞նչ երաշխիք, որ այդ «հիմքը» փոխվելու է հաջորդ քայլերում: Առավել եւս, որ Պետական սահման ասվածը կարող է անվտանգության երաշխիք դիտվել լոկ հենց այդ հատվածներում միայն, մինչդեռ խոսքը ընդամենը երեք համեմատաբար փոքր հատվածի մասին է՝ հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով: Երբ չկան, անորոշ են այդ հարցերի պատասխանները, խիստ անորոշ է դառնում այն, ինչ առաջին հայացքից անշուշտ կարող է լինել օգտակար՝ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի մեկնարկ: Բայց, օգտակարությունը ի վերջո սահմանվում է բովանդակությամբ, իսկ այստեղ շարունակում են պահպանվել խնդիրներն ու բացակայել զսպման կայուն մեխանիզմները: