Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան

Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան

Ապրիլի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Հանդիպման ընթացքում քննարկվել են թե երկկողմ, թե ռեգիոնալ նշանակության հարցեր, Հայաստա-Ադրբեջան գործընթացը, Արցախից տեղահանվածների հումանիտար կարիքները: Պաշտոնական հաղորդագրությունները չեն տալիս սակայն հարցի պատասխան, թե՝ իսկ ի՞նչ կարիքից ելնելով է, որ Հայաստան է ժամանել Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ՝ Մինսկի խմբի համանախագահ Ռոքֆոյը, եւ նրա այցը որեւէ կկերպ առնչվու՞մ է այն հանգամանքին, որ օրերս Փարիզը Բաքվից հետ է կանչել իր դեսպանին՝ խորհրդակցությունների համար: Ընդ որում, հետ կանչվածծ դեսպանի հետ հանդիպել է հենց նախագահ Մակրոնը, ինչը նշանակում է, որ խորհրդակցությունները կրել են էական բնույթ, եթե անգամ դիրսեւորվել են որպես քաղաքական ակտ: Ֆրանսիան այդ քայլով փաստացի էապես սրել է առանց այդ էլ մեղմ ասած լարված ֆրանս-ադրբեջանական հարաբերությունը, իսկ դրանից հետո ֆրանսիացի համանախագահը ժամանում է Երեւան, ընդ որում նաեւ այն բանից հետո, երբ հայտարարվել է Արցախից ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման մասին: Ֆրանսիան որեւէ արտառոց սպասու՞մ ունի ռեգիոնում, համարում է, որ հասունանում է որեւէ զարգացու՞մ: Իսկ արդյո՞ք ֆրանսիացի համանախագահի այցի անհրաժեշտությունն առաջացել է օրեր առաջ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի Սյունիք կատարած այցի արդյունքում: Ընդ որում, դեսպանը Սյունիք այցելելուց առաջ հարկ էր համարել չգիտես ինչու ընդգծել, որ այցելում է ռազմավարական եւ «խոցելի» մարզ: Իրադարձությունները վերջին օրերին բավականին բուռն են ու ինտենսիվ, ինչը թերեւս նշանակում է, որ դրանք կամ ենթադրելու են որոշակի լուծումներ, կամ՝ լիցքերի կուտակում, ինչը հանգեցնելու է արդեն լարվածության աճի: