ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները

ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում պայմանավորվել են ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները Իսրայելի վրա աննախադեպ գրոհի պատճառով: Գագաթնաժողովից հետո լրագրողների հետ զրույցում ապրիլի 17-ի ուշ երեկոյան այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ «Մենք որոշել ենք լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ: Սա հստակ ազդանշան է, որը մենք ցանկանում ենք ուղարկել», - ասել է Միշելը։ Նա ընդգծել է, որ Իրանը պետք է հայտնվի միջազգային մեկուսացման մեջ։ Միշելը դեռ չի հստակեցրել նոր պատժամիջոցների մանրամասները։ Այնուհետև հանդիպման առաջին օրվա արդյունքներով ԵՄ-ն հայտարարություն է տարածել։ «Եվրախորհուրդը խստորեն և միանշանակ դատապարտում է Իրանի հարձակումն Իսրայելի վրա և հաստատում իր լիակատար համերաշխությունը Իսրայելի ժողովրդի հետ և հանձնառությունը Իսրայելի անվտանգությանն ու կայունությանը տարածաշրջանում», - ասվում է հայտարարությունում։ Ինչպես հետևում է փաստաթղթից, սահմանափակող միջոցները կապված են լինելու, այդ թվում, «անօդաչուների և հրթիռների հետ»։