Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային

Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային

Հարավային Կորեան այս տարի 200 միլիոն դոլարի չափով մարդասիրական օգնություն կհատկացնի Ուկրաինային՝ խոստացված 2,3 միլիարդ դոլարի օգնության փաթեթի շրջանակներում: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ֆինանսների նախարարին։ Նախարարն այս մասին հայտարարել է Վաշինգտոնում Ուկրաինայի հարցով անցկացված քննարկման ժամանակ։ Հարավային Կորեայի կառավարությունը պլանավորում է այս տարի նախնական 200 միլիոն դոլար հատկացնել հումանիտար օգնության տեսքով՝ Ուկրաինայի անհետաձգելի կարիքները հոգալու համար, իսկ մնացած 2,1 միլիարդ դոլարը 2025 թվականից կտրամադրվի երկարաժամկետ փոխառությունների տեսքով` ցածր տոկոսադրույքով` Տնտեսական զարգացման համագործակցության հիմնադրամի (EDCF) միջոցով: Նշվում է, որ Հարավային Կորեան նաև 50-ական մլն դոլար կնվիրաբերի Համաշխարհային բանկին և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկին՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու նրանց նախագծերի համար։ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը 2023 թ. սեպտեմբերին Նյու Դելիում G20-ի գագաթնաժողովի ժամանակ խոստացել էր 2,3 միլիարդ դոլարի չափով լրացուցիչ օգնություն տրամադրել Ուկրաինային։