Էրդողանը շտապեցնում է Պուտինին

Էրդողանը շտապեցնում է Պուտինին

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Պուտինը կայցելի Թուրքիա, բայց այցի ժամկետը դեռ հստակ չէ: Պետք է արագացնել այդ հարցի պարզաբանումը, ավելացրել է Թուրքիայի նախագահը: Էրդողանը փաստորեն շտապեցնում է Պուտինին: Ինչու՞: Թուրքիան ձանձրանու՞մ է սպասելուց, թե՞ համարում է, որ ժամանակն աշխատում է Ռուսաստանի օգտին եւ որքան ուշ տեղի ունենա Պուտինի այցը, այնքան Պուտինն ավելի ամուր կզգա իրեն Անկարայում, հետեւաբար Էրդողանին բարդ կլինի խաղալ իրավանդական խաղը՝ իր այսպես ասած «չեզոքությունը» հնարավորինս թանկ վաճառել Ռուսաստանի վրա: Պուտինի այցի մասին խոսվում է դեռեւս հունվարից, բայց պարբերաբար արձանագրվում, որ այցը կկայանա ավելի ուշ: Ընդ որում բավականին նկատելի է, որ չշտապողը Ռուսաստանն է: Թուրքիան փորձում է հրապարակ նետել նոր ժամկետներ, բայց հետո դրանք հերքվում են: Պուտինը չի շտապում, որովհետեւ նրա գործերը լավ են Ուկրաինայում, եւ իրավիճակը կարծես թե իր համար վատ չէ Մերձավոր Արեւելքում, որտեղ Ռուսաստանը ներկայումս սերտ աշխատում է մի կողմից Իրանի, մյուս կողմից արաբական երկրների հետ: Հատկանշական է, որ օրեր առաջ Ուկրաինայի պաշտոնյաներից մեկը հայտարարեց, որ ռուս-ուկրաինական գերիների փոխանակման հարցում միջնորդը այլեւս Թոււրքիան չէ, այլ Արաբական Միացյալ Էմիրությունները: Այդ իրողությունները թերեւս նյարդայնացնում են Էրդողանին բավականաչափ, եթե նա հրապարակայնորեն է բարձրաձայնում, որ պետք է արագացնել Թոււրքիա Պուտինի այցի համաձայնեցումը: Իսկ արդյո՞ք նա ունի մտավախություն, որ այցը կարող է չկայանալ ընդհանրապես: Էրդողանի համար հարցի որոշակիացումը թերեւս կարեւոր է մայիսին ԱՄՆ կատարելիք այցին ընդառաջ, քանի որ ունենալով Պուտինի այցի վերաբերյալ արդեն որոշակի համաձայնություն, նա կարող է այդ հանգամանքը փորձել «վաճառել» Բայդենի հետ հանդիպմանը: