Ռուսաստանը խոստովանեց պարտությունը

Ռուսաստանը խոստովանեց պարտությունը

«Ուժով սիրելի չես դառնա։ Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի շուրթերով ղարաբաղյան խնդիրը հանգուցալուծվեց, մեր խաղաղապահների՝ Ադրբեջանում մնալ-չմնալու հարցը քննարկվում էր Ադրբեջանի ղեկավարության հետ ուղղակի շփումների շրջանակում։ Եվ խաղաղապահների փուլ առ փուլ դուրսբերման մասին որոշում կայացվեց», հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, Դաշնային խորհրդի անդամ՝ խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը, որն ի դեպ մինչ այդ երկար տարիներ եղել է ՌԴ փոխարտգործնախարար եւ նաեւ զբաղվել արցախյան խնդրով: Կարասինի հայտարարությունն ըստ էության խոստովանություն է՝ Ռուսաստանի ձախողման խոստովանությունը, եւ առաջին հերթին այն գերատեսչության պատասխանատվությամբ, որի փոխնախարար է եղել Կարասինը: Այն, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս, ըստ էության ստեղծել է նոր իրավիճակ նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո, կասկածից վեր է, ինչպես որ կասկածից վեր է այդ մոտեցման որդեգրման ճակատագրականությունը Արցախի համար: Բայց, Հայաստանի իշխանությունն էլ իր հերթին այդ գործողությունը բացատրում է նրանով, որ Ռուսաստանը չի ապահովել նոյեմբերի 9-ից հետո հաստատվածծ ստատուս-քվոյի պատշաճ կատարում, իրար են հաջորդել մի շարք աղմկոտ դեպքեր, եւ հետո՝ հարձակումը Ջերմուկի ուղղությամբ: Կրկնեմ, այդ բոլոր գործընթացները առնչվում են շատ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի, շատ բարդ եւ նուրբ շերտերով, սակայն, երբ գերտերությունը իր խնդիրների համար պատասխանատու է կարգում պատերազմում պարտված, թուլացած, հետպատերազմյան շոկի մեջ գտնվող Հայաստանի քաղաքական ղեկավարությանը՝ ինչպիսին էլ լինի այդ ղեկավարությունը, դա մեղմ ասած այլ բան չէ, քան սեփական անկարողության խոստովանություն, պարտության խոստովանություն: Մնացյալը այդ գլոբալ ձախողման հետեւանքն է, որ Ռուսաստանը փորձում է Հայաստանի վրա դնել, ընդ որում ամենեւին ոչ նոր, այլ սկսած թերեւս շատ վաղուց: Հայաստանի ըստ էության բոլոր կառավարություններն էլ, առ այսօր՝ ունեն Հայաստանի եւ Արցախի հետ տեղի ունեցած ճակատագրական, ողբերգական իրադարձությունների իրենց պատասխանատվությունը, բայց մեղմ ասած անլուրջ է Հայաստանի վրա դնել Կովկասում Ռուսաստանի ճակատագիրը, այն էլ այն մեծախոս հռետորաբանության պայմաններում, որով աչքի է ընկնում Ռուսաստանն ու իր պաշտոնական քարոզչությունը: Սրանով հանդերձ, անշուշտ, ռեգիոնալ իրողությունները բավականին լուրջ են, ինչպես իրավիճակը համաշխաչչհային թատերաբեմում, եւ Հայաստանի ու Հայաստանի հանրության խնդիրը իրերն իրենց անունով կոչելուց զատ, միեւնույն ժամանակ իրողությունների հանդեպ լրջությունն ու սթափությունն է, այդ թվում Ռուսաստանի եւ նրան առնչվող խնդիրների հանդեպ, հաշվի առնելով, որ ըստ էության գործ ունենք Կովկասում թերեւս բավականին կուլմինացիոն տրամաբանության մոտեցող Մեծ խաղի հետ, որտեղ խաղադրույքները բարձրանում են «բորսայական դինամիկայով»: