Արցախից դուրս են գալիս նաեւ ռուսները. ի՞նչ են պայմանավորվել Մոսկվան ու Բաքուն

Արցախից դուրս են գալիս նաեւ ռուսները. ի՞նչ են պայմանավորվել Մոսկվան ու Բաքուն

«Այո, դա այդպես է», հայտարարել է Կրեմլի խոսնակ Պեսկովը ի պատասխան Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթաց սկսելու մասին հարցին: Պեսկովը փաստորեն հաստատել է տեղեկությունները, որ նախօրեին հրապարակվում էին մամուլի մակարդակով: Միաժամանակ, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարցերի պատասխանատու Հաջիեւը հայտարարել է, որ ՌԴ եւ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը կայացրել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտը Արցախից վաղաժամ դուրս բերելու որոշում: Արցախը նախորդ տարի ենթարկվել է էթնիկ զտման, ռուսական կոնտինգենտը կամ չի ցանկացել, կամ չի կարողացել կանխել դա, հնարավոր է չի ցանկացել, որովհետեւ չի կարողացել անել դա այսպես ասած առանց ուժի, իսկ ուժային բախում Ադրբեջանի հետ Ռուսաստանը թույլ չի տա որեւէ կերպ: Բոլոր դեպքերում, Արցախում չի մնացել հայություն, հետեւաբար ստացվում է, որ չի մնացել խաղաղապահների ներկայության հիմք: Եթե Ռուսաստանը դուրս է գալիս ամբողջությամբ, դա տեղի է ունենում ինչ որ սակարկությա՞ն դիմաց: Ի՞նչ է ստանում Ռուսաստանը դրա դիմաց, կամ՝ ստացել: Արդյո՞ք Բաքվից հավաստիացում, որ Ադրբեջանը չի նպաստի ռեգիոնում արեւմտյան ծրագրերին: Բայց, չէ՞ որ արեւմտյան ծրագրերի մաս է նաեւ Արցախից ռուսների հեռացումը, ինչի համար էլ Արեւմուտքը չճանաչեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: Սեպտեմբերի 19-20-ից երեք օր առաջ Ստամբուլում տեղի է ունեցել ԱՄՆ, Ռուսաստան, Եվրոպա եռակողմ քննարկում՝ Արցախի թեմայով, համանախագահների մակարդակով: Դրանից հետո մասնակիցներից որեւէ մեկը որեւէ ձայն չի հանել սպասվող ագրեսիայի ռիսկի առնչությամբ, թեեւ կասկածից վեր է, որ՝ չիմանային: Դա նշանակում է, որ առնվազն տեղի ունենալիքի հարցում եղել է որոշակի «փոխըմբռնում»: Բայց, դա նշանակու՞մ էր նաեւ, որ ինչ որ համաձայնություն է եղել խաղաղապահների հետագա ճակատագրի թեմայի վերաբերյալ, թե՞ «ստամբուլյան փոխըմբռնումը» եղել է միայն սեպտեմբերի 19-20-ի առնչությամբ, իսկ հաջորդող օրերի՝ ոչ: Համենայն դեպս պետք է ուշադրության արժանացնել մի հանգամանք, որ Արցախում էվակուացիայի անկասելի տրամադրություններն ու ալիքը «բռնկվել» են ոչ թե 20-ի հաջորդ իսկ օրը, այլ՝ երեք-չորս օր անց: