Բաքուն՝ Լեռնային Ղարաբաղից ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հապճեպ դուրսբերման մասին

Բաքուն՝ Լեռնային Ղարաբաղից ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հապճեպ դուրսբերման մասին

Երկու երկրների ղեկավարները որոշում են կայացրել Ադրբեջանի տարածքից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման մասին։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, համանման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղից ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հապճեպ դուրսբերումը։ «Հիմք ընդունելով 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը՝ երկու երկրների բարձրագույն ղեկավարությունը որոշում է կայացրել Ադրբեջանի Հանրապետության տարածքում ժամանակավորապես տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներին մեր երկրի տարածքից վաղաժամկետ դուրսբերման մասին։ Գործընթացն արդեն սկսվել է, Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ այս որոշումը կյանքի կոչելու համար»,- ասել է Հաջիևը։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հաստատել էր, որ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։