Բաքուն հրաժարվում է Նաթանյահուից

Բաքուն հրաժարվում է Նաթանյահուից

Քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն չի բացառում, որ Իսրայելի հարավային տարածքներ ՀԱՄԱՍ-ի ներխուժմանը «մասնակից են Իսրայելի վարչապետ Նաթանյահուն եւ Մոսադը: Նրա հայացքով՝ «սանդրանքը կարող էր կազմակերպվել, որպեսզի պաղեստինյան շարժումը հեղինակազրկվի, եւ Գազայի դեմ պատժիչ գործողություններն արդարացվեն»: Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության աղբյուրները տագնապ են հնչեցնում, որ նախկիոնում ազատական հայացքներ դավանող եւ Ալիեւի վարչախմբի երդվյալ քննադատ Ալիզադեն ,,վերջին ժամանակներս լիովին գտնվում է Իլհամ Ալիեւի աշխատակազմի վերահսկողության ներքո, սնվում է այնտեղից եւ վերածվել է իշխող համակարգի քարոզչի,,: Այդպե՞ս է, թե՞ նախկին համախոհների միջեւ «դրամաշնորհային սեւ կատու է անցել»՝ մեզ համար այնքան էլ էական չէ: Փաստ է, որ ադրբեջանցի քաղաքագետը նման տեսակետ հնչեցնում է, ինչը վկայում է, որ իրականությանը մոտ են փորձագիտական ենթադրությունները, որ Իլհամ Ալիեւը միացել է Իսրայելի վարչապետ Նաթանյահուի դեմ Թուրքիայի նախագահ Էրդողանի նախաձեռնած արշավին: Նաթանյահուն Իսրայելի միակ վարչապետն է, որ այցելել է Բաքու: Ճիշտ է, դա «հանգրվանային այց» էր, բայց Ադրբեջան-Իսրայել ռազմա-տեխնոլոգիական համագործակցության հիմքը դրվել է հենց այդ ժամանակ: Ներկայումս Նաթանյահուն չափազանց բարդ իրավիճակում է հայտնվել: Բաքվի առաջատար լրատվամիջոցներից մեկի՝ «Թուրան» գործակալության միջոցով քաղաքագիտական վարկած շրջանառել, որ ՀԱՄԱՍ-ի հարձակմանը կարող է առնչություն ունենալ Իսրայելի վարչապետը, փաստացի նշանակում է Մերձավոր Արեւելքում լայնածավալ պատերազմը, եթե այն սկսվի, հասցեագրել Նաթանյահուի պատասխանատվությանը: Իսկ դա մղում է շատ ավելի հեռու գնացող ենթադրությունների: Իլհամ Ալիեւը մեկ անգամ չէ, որ պնդել է, թե քառասունչորսօրյա պատերազմից հետո ձեւավորվել են նոր իրողություններ: Նա ձգտում է միջազգայնորեն կապիտալազացնել այն, ինչ ունի երկրորդ ղարաբաղյան պատերազմում «հաղթանակի» արդյունքում: Ալիեւը հասկանում է, որ ռուս-ուկրաինական եւ իսրայելա-պաղեստինյան սուր դիմակայությունը հետաձգում կամ կասկածի տակ է դնում «հաղթողի իրավունքով» Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը: Ըստ երեւույթին, Բաքուն մտավախություն ունի, որ Պաղեստինի պետության հռչակումը կարող է միջազգային «թարմություն հաղորդել» նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրին: Այս իմաստով Գազայում իսրայելական պատժիչ գործողությունները ցանկալի չեն ոչ միայն իսլամական համերաշխության, այլեւ Ադրբեջանի նշանակության իմաստով: Նաթանյահուն գործում է «սրի իրավունքի» սկզբունքով, բայց միջազգային լայն աջակցություն չունի: Եթե Իսրայելում ձեւավորվի պաղեստինցիների հանդեպ մի փոքր ավելի հանդուրժողական կառավարություն, ապա   Ալիեւը կունենա իսլամական աշխարհում «դեմք փրկելու» շանս, միաժամանակ պահպանելով Իսրայելի հետ ավանդական գործընկերային հարաբերությունները: Այս փուլում, երեւում է, Բաքվի համար իսլամական աշխարհում հեղինակություն պահելու առաջնահերթություն, ինչպես նաեւ Թուրքիայի հետ համերաշխության վերահաստատման առաջնահերթություն կա: Ադրբեջանցի քաղաքագետն Իրանին հորդորում է ճանաչել Իսրայելը, իսկ Պաղեստինի հռչակման հարցում ապավինել միջազգային լայն օժանդակությանը: Նաթանյահուն այդ հեռանկարը մերժում է, ուստի Բաքուն հրաժարվում է նրանից: Բայց եթե Նաթանյահուն հեռանա, եւ Իսրայելը ճանաչի Պաղեստինի անկախությունը, մի հեռանկար, որ չափազանց մշուշոտ է, Ադրբեջանը երածխիք ունի՞, որ ԼՂ խնդիրը նույնպես չի ակտուալանա: Թե Բաքուն նպատակ ունի Գազայում իսրայելական պատժիչ գործողությունների եւ ԼՂ –ում էթնիկ զտումների «նույնակացման հավանականությու՞նը» կանխել: