Ֆրանսիան դուրս կգա՞ Ադրբեջանի «ծուղակից»

Ֆրանսիան դուրս կգա՞ Ադրբեջանի «ծուղակից»

Ֆրանսիան խորհրդակցության նպատակով հետ է կանչել Բաքվում իր դեսպանին: Փարիզում նրան ընդունել է նախագահ Մակրոնը: Ֆրանսիան այդ քայլը հիմնավորել է նրանով, որ Ադրբեջանը գործողություններ է կատարում երկու երկրների հարաբերությանը վնասելու ուղղությամբ: Ադրբեջանը օրեր առաջ հայտարարել է ֆրանսիական լրտեսական ցանց բացահայտելու մասին: Ադրբեջանում կա Ֆրանսիայի կալանավորված քաղաքացի: Շաբաթներ առաջ Բաքուն արտաքսել է Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչության մի քանի աշխատակցի, ինչին պատասխան քայլ է կատարել Փարիզը՝ արտաքսելով Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցների: Երկկողմ լարվածությունը փաստացի բարձրանում է նոր աստիճան՝ Փարիզը հետ է կանչում Բաքվում իր դեսպանին: Որքա՞ն կմնա նա Ֆրանսիայում, եւ արդյո՞ք Ադրբեջանն էլ Փարիզից հետ կկանչի իր դեսպանին: Իլհամ Ալիեւը շաբաթներ առաջ հայտարարել է, թե Ֆրանսիան Ադրբեջանի հետ վիճարկում է Կովկասի առաջնորդությունը: Այս հայտարարությունը, եթե մի կողմից Ադրբեջանի հավակնությունների ուռճացման հայտարարություն է, ապա մյուս կողմից փորձ է նվազեցնել Ֆրանսիայի դերն ու կատեգորիան՝ հավասարեցնելով այն Ադրբեջանին: Բաքվի միջոցով Փարիզի համար հյուսվում է կովկասյան «ծուղակ : Փարիզը մտնում է Կովկասում Ադրբեջանի հետ «հարաբերություններ պարզելու» հարթությու՞ն, թե՞ կարող է կանգնել դրանից ավելի բարձր եւ զբաղվել ավելի լայն քաղաքականությամբ, լինել Մեծ խաղին համարժեք հարթության մեջ եւ որոշակիություն դրսեւորել Կովկասում իր խաղընկերների ընտրության հարցում: Հարցն անշուշտ բաժանարար գծերը կամ «խրամատավորումը» չէ, եւ ավելին՝ բառի բուն եւ պատկերավոր իմաստով դրանից խուսափելու համար է նաեւ կարեւոր, թե Ֆրանսիան ի վերջո ռեգիոնում իր խաղի ինչ սխեմա է պատկերացնում, եւ այդ սխեմայի գործընկերային ինչ կազմ: Իսկ գուցե այդ հարցում որոշակիություն մտցնի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի այցը Ֆրանսիա, որ սպասվում է առաջիկայում: