Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն

Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն

Հայաստանի ԱԳՆ հայտնում է, որ ապրիլի 17-18-ին Հայաստանի արտգործնախարար Միրզոյանը այց կկատարի Սաուդյան Արաբիա: Այնտեղ նա կհանդիպի իր սաուդցի գործընկերոջ հետ: Ըստ հաղորդագրության, կլինեն նաեւ այլ հանդիպումներ: Հետաքրրքիր է, արդյո՞ք հնարավոր է, որ «այլ հանդիպումների» շարքում լինի հանդիպում Սաուդյան Արաբիայի փաստացի ղեկավար, արքայազն Բեն Սալմանի հետ, թե՞ դա կարող է կախված լինել արտգործնախարարների մակարդակով հանդիպման եւ բանակցության բովանդակությունից եւ ընթացքից: Կամ, արդյոք օրակարգում լինելու է հայ-սաուդական առաջին բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելու հարցը: Միրզոյանի այցը տեղի է ունենում նախորդ տարի Միացյալ Էմիրություններում Հայաստանի եւ ՍԱ դեսպանների մակարդակով ազդարարված՝ դիվանագիտական հարաբերություն հաստատելու մասին համաձայնագրի ստորագրումից հետո: Փաստացի, այցն առաջինն է այդ համաձայնագրից հետո: Մինչ այդ, Հայաստանից Սաուդյան Արաբիա այցելել էր Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, երբ դեռ զբաղեցնում էր նախագահի պաշտոնը: Այդ ժամանակ կողմերը չէին հայտարարել դիվանագիտական հարաբերության հաստատման մտադրության մասին: 2022-ի օգոստոսին տեղի ունեցած այդ այցը առաջինն էր հայ-սաուդական պատմության մեջ, թեեւ այն չուներ երկկողմ բնույթ, Հայաստանի նախագահը պարզապես մեկնել էր Սաուդյան Արաբիայում տեղի ունեցող միջազգային համաժողովին մասնակցելու: Ի դեպ, դրանից մի քանի շաբաթ անց եղավ նրա հրաժարականը: Չնայած մինչ այժմ դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, ինչի պատճառը արցախյան հակամարտությունն էր եւ Ադրբեջանին ՍԱ աջակցությունը, Հայաստանի եւ ՍԱ քաղաքական ղեկավարների միջեւ տարիներ շարունակ եղել են պետական տոների եւ ընտրությունների առիթով փոխադարձ շնորհավորական ուղերձներ: Այժմ, երբ Սաուդյան Արաբիան չունի «կաշկանդող» խնդիր, որովհետեւ Արցախը հայաթափվել է եւ անցել Ադրբեջանի վերահսկողության ներքո, դիվանագիտական հարաբերության գնալով Հայաստանի հետ անշուշտ փորձում է բարձրացնել իր ռեգիոնալ դերը: Անկասկած է, որ դիվանագիտական հարաբերությունը հաստատվում է Հայաստանի համար ծանր՝ անուղղակի, բայց ծանր գնով: Սակայն, այդ այդ ծանրությամբ հանդերձ, Հայաստանը անհրաժեշտաբար պետք է գործի առկա իրողությունները հաշվի առնելով, ու այդ տեսանկյունից Սաուդյան Արաբիան դերակատար է, որի հետ պետք է աշխատել, կարողանալով այդ աշխատանքից առավելագույնը քաղել Հայաստանի պետական ներուժի բարձրացման համար: Մյուս կողմից, անշուշտ պետք չէ մոռանալ, որ խոսքը բավականին բարդ ռեգիոնի, ոչ պակաս բարդ դերակատարի մասին է, որն ունի իր շահերն ու հետաքրքրությունները եւ դրանք ամենեւին միշտ չէ, որ համընկնում են կամ կարող են համընկնել Հայաստանի հետ: Սակայն, դա իհարկե արտառոց հանգամանք չէ եւ հատուկ է ցանկացած երկկողմ հարաբերության, ըստ այդմ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերության կառուցման նշանակությունը դրանից ամենեւին չի նվազում, եթե չասենք ավելին՝ կարեւորվում է: Կարեւորվում է առաջին հերթին ելնելով նաեւ այն հանգամանքից, որ համաշխարհային անվտանգության ճարտարապետության միտումները շարժվում են ռեգիոնալացման ուղղությամբ, իսկ դա հատկապես կարեւոր է դարձնում այն երկրների հետ փոխհարաբերության կայուն միջավայրի ձեւավորումը, որոնք դերակատարում ունեն ռեգիոնալ շրջանակում: