Իրանի բաց ազդակը Հայաստանում

Իրանի բաց ազդակը Հայաստանում

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին Երեւանում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում պարզաբանել է, թե Իրանն ինչ նկատի ունի, երբ ասում է արտառեգիոնալ խաղացողներ՝ անթույլատրելի համարելով ռեգիոնում նրանց հաստատումը: Ըստ դեսպանի, արտառեգիոնալ խաղացողներ ասելով նկատի ունեն ԱՄՆ ու որոշ եվրոպական երկրներ, որոնք դեսպանի խոսքով գալիս են Կովկաս եւ փորձում են որոշումներ կայացնել այստեղ ապրող ժողովուրդների համար: Պատահակա՞ն է, զուգադիպությու՞ն է արդյոք, որ Իրանի դեսպանը թեմայի վերաբերյալ ավելի բաց է արտահայտվում Իսրայելին իրանական պատասխանից հետո, որը ըստ էության դարձել էր թիվ մեկ միջազգային իրադարձությունն ու ըստ էության առ այսօր մնում է այդպիսին: Թե՞ Իրանի դեսպանի հայտարարությունները վկայում են այն ընդգրկման մասին, որ ունի հարցը, եւ Իսրայելի ուղղությամբ գործողությունից հետո Իրանը Հայաստանում իր դեսպանի միջոցով որոշակի ազդակներ է ուղղում Կովկասի առնչությամբ: Ի դեպ, դեսպան Սոբհանին ասել է, որ Իրանը դժգոհ է ռեգիոնում լարվածության աճի միտումից: Ըստ դեսպանի, հարցերը պետք է կարգավորել խաղաղ ճանապարհով: Նա իհարկե չի ասել, թե հատկապես ո՞վ է առաջացնում աճի լարման միտում, սակայն դա թերեւս այն պատճառով, որ Թեհրանը այդ միտման հետեւում դիտարկում է ավելի լայն աշխարհաքաղաքական պրոցեսները, որտեղ Կովկասի երկրները ի վիճակի չեն լինել եղանակ ստեղծող կամ թելադրող՝ օբյեկտիվորեն, անկախ նրանց միջեւ ուժային բալանսից: Այլ հարց է, թե ո՞ր եղանակին համարժեք կգործեն նրանք: Միեւնույն ժամանակ, երբ Իրանի դեսպանը արտահայտվում է Կովկասում արտառեգիոնալ դերակատարների դեմ, կարող է ստացվել որոշակի հակասություն, այն իմաստով, որ բավականին նկատելի էր Իսրայելին հասցված հարվածում Իրանի եւ ԱՄՆ միջեւ եղած կոմունիկացիան: Ավելին, այդ իմաստով թերեւս հարվածը կարելի է բնորոշել համակարգված կամ «համատեղ», հաշվի առնելով, որ թերեւս ԱՄՆ վարչակազմի շահից էր բխում Նաթանյահուի իշխանությանը սանձելու որոշակի առիթը: Սակայն, քաղաքականությունը լինելով շաղկապված գործընթացների համայնապատկեր, այդուհանդերձ չի առաջնորդվում հաղորդակից անօթների տրամաբանությամբ: Եթե Իրանն ու ԱՄՆ կարող են հատվածային գործակցություն ունենալ Մերձավոր Արեւելքի ուղղությամբ որեւէ մի հարցում, դա ինքնին ոչ միայն չի նշանակում, որ այդպիսին կլինի նրանց վարքագիծը մյուս բոլոր ռեգիոններում, այլ նույնիսկ հենց Մերձավոր Արեւելքի բոլոր հարցերում: Այդ տեսանկյունից, իրան-իսրայելական տիրույթում տեղի ունեցածը թերեւս չպետք է լինի խաբկանք Հայաստանի համար: Ներկայիս աշխարհում այդուհանդերձ չկան օրինաչափությունների, եւ շարունակում է գերակա մնալ բոլորը բոլորի դեմ պատերազմի ռեժիմն ու անկանխատեսելիությունը, հետեւաբար Հայաստանի քաղաքականությունը չպետք է դուրս գա բարձր զգայունության ռեժիմից: