Հայաստանում ԵՄ առաքելության ձեւաչափը փոխվու՞մ է

Հայաստանում ԵՄ առաքելության ձեւաչափը փոխվու՞մ է

Կանադայի արտգործնախարարը հայտնել է իր ուրախությունն այն առնչությամբ, որ այսօրվանից Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանն է միացել Կանադայի ներկայացուցիչը: Այդ մասին քննարկումներն ու համաձայնությունը եղել է դեռեւս նախորդ տարի: Երեւանն ու Բրյուսելը տվել են Կանադայի ներգրավման համաձայնություն: Կանադայի արտգործնախարարն ասում է. «Անցյալ տարվա իմ այցից (Հայաստան) հետո (Կանադա) վերադառնալով՝ առանցքային առաջնահերթություն էր Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման ուղիների ուսումնասիրությունը, ներառյալ Հայաստանի տարածքային ամբողջականության հարգումը»: Իսկ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն այդ առնչությամբ արել է ուշագրավ մի գրառում. «Ուրախ ենք ողջունել կանադացի առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկիին EUMA-ում։ Կանադան առաջին երրորդ երկիրն է, որն աջակցում է Հայաստանում ԵՄ առաքելությանը»: Ուշադրության արժանին ձեւակերպումն է՝ «Կանադան առաջին երրորդ երկիրն» է: Սա նշանակու՞մ է, որ կան այլ «երրորդ երկրներ», որոնք կամ իրենք են Եվրամիությանը եւ Հայաստանին դիմել՝ դիտորդական առաքելությանը միանալու համար, կամ Եվրամիությունն ու Հայաստանն են դիմել՝ միանալու համար: «Առաջին երրորդ երկիր»  ձեւակերպումը համենայն դեպս հենց այնպես չէ, այլապես կլիներ պարզապես ողջույն, եւ վերջ: Անկասկած է, որ Կանադայի ներգրավումը քաղաքական ակտ է, որովհետեւ հազիվ թե Եվրամիությունը ունի զուտ մարդկային քանակի կարիք: Միեւնույն ժամանակ, դժվար է պատկերացնել նաեւ, որ Կանադայի ներգրավումը քաղաքական առումով ավելի է ուժեղացնում առաքելությունը: Մեղմ ասած բարդ է պատկերացնել, որ Կանադան օրինակ ունի ավելի մեծ կշիռ, քան Հայաստանում ԵՄ առաքելության նախաձեռնող եւ առաջնորդող Ֆրանսիան, կամ Գերմանիան՝ որը մյուս առանցքային մասնակիցն է: Հետեւաբար, հնարավորր է եզրակացնել, որ Կանադայի ներգրավումը ունի պարզապես դիտորդական առաքելության ձեւաչափի փոփոխության նպատակ, առայժմ՝ քաղաքական բովանդակության եւ անտուրաժի իմաստով: Եվրոպական առաքելությունը փաստորեն դառնում է ավելի քան եվրոպական: Օրեր առաջ ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան էր հայտարարել, որ ԵՄ դիտորդական առաքելությունը փաստորեն ՆԱՏՕ առաքելություն է: Կանադայի ներգրավումը համենայն դեպս դառնում է այդ գնահատականի «օգգտին» խոսող փաստարկ: Հարց է առաջանում, թե ինչի՞ մասին է խոսում առաքելության քաղաքական ձեւաչափի ու համատեքստի հնարավոր փոփոխությունը, եւ դրա հանդեխ ինչպիսի վերաբերմունք կունենա օրինակ հարեւան Իրանը: Թե առերեւույթ արտահայտվելով դեմ, Իրանն ու Ռուսաստանը այդուհանդերձ գործնական մակարդակում դեմ չեն լինի, եթե փաստացի ընդհուպ ՆԱՏՕ տրամաբանություն ենթադրող դիտորդական քաղաքացիական նախաձեռնությունը ավելի շատ «մտնի» Հայաստանի սահմանին կայունության պատասխանատվության տակ, քանի որ Մոսկվան ու Թեհրանը կարող են համարել, որ հենց ՆԱՏՕ-ն ունի ապակայունացման միջոցով իրենց հանդեպ ճնշում բանեցնելու շահագրգռություն: Այսինքն, նրանք այդ մասին ըստ էության խոսում են բաց տեքստով: